Ի դեպ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ու գրավի գումարի մասին
ADTVԻ դեպ, ստացվեց այնպես, որ վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում խափանման միջոցներն են։Մինչ դատարանում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի ընտրության հարցը, հասարակությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։Առաջիկայում հավանաբար կշարունակենք խափանման միջոցի հարցի քննարկումները՝ այս անգամ Վլադիմիր Գասպարյանի ու Լեւոն Երանոսյանի մասով, նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունն այսօր ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու,այն կհրապարակվի հունիսի 21-ին:
Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը, նկատենք, որ այն, ինչպես եւ սպասվում էր ամենատարբեր գնահատականների ու մեկնաբանությունների արժանացավ։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հրճվում եւ ուրախանում են, համարում են հաղթանակ ու գովեստի խոսքեր են շռայլում գրավը որպես խափանման միջոց որոշումն ընդունած դատավորի հասցեին, որպես անկախ ու պրոֆեսիոնալ դատավոր։
Մյուս կողմը, ճիշտ հակառակը, կարծում է, որ սա արդարադատության հերթական ձախողումն էր եւ շատ վատ է, որ դա կատարվում է դատավորների ձեռամբ, որ սա Հայաստանի մեծագույն ողբերգության դեմ, իրավունքի դեմ կայացված «ամենափայլուն» դատական ակտերից մեկն է։ Հատկանշական է, որ եթե խափանման միջոցը չփոխվեր, գնահատականները կլինեին նույնը՝ հակառակ կողմերից։Ի դեպ, քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում նաեւ այսպիսի վարկած էր շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կապված է Հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի հետ։
Այսօր սակայն այս վարկածը «ջրվեց»՝ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Մոսկվա, «համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը» ասված է ՌԴ նախագաին ուղղված Փաշինյանի նամակում։ Հաջորդը գրավի գումարի հարցն էր՝ Հայաստանի համար աննախադեպ 4 մլն դոլար։ Համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին, առանցքում ոչ թե այդ գումարը վճարելու հնարավորությունն էր, այլ այդ գումարի ասենք այսպես՝ «ծագման աղբյուրը»։
Քոչարյանի ընտանիքի անդամները հայտարարեցին, թե մտածում են իրենց բնակարանները գրավադրել, համախոհները սկսեցին աջակցություն ցուցաբերել ու վճարման թերթիկների լուսանկարները տարածել, իսկ պաշտպանն էլ հայտարարեց, թե Քոչարյանի գրասենյակը կհրապարակի, թե ովքեր են աջակցել 2 մլրդ դրամ գրավի հավաքմանը. հետո չասեք, թե որտեղից այդ 4 մլն դոլարը։ Ամենահետաքրքիրը սակայն այս ամենի քաղաքական հեռանկարներն են։Ինչքան էլ ասենք, թե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ ու գործոն չէ, նա հայտարարել է իր քաղաքական հավակնությունների մասին եւ դրանից չի կարող հրաժարվել։ Ձեւաչափը առաջիկայում կուրվագծվի, եթե անգամ խափանման միջոցի հարցը վճռաբեկը վերանայի։