Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում հետևել պետք չէ. «Ցանցահենը»՝ Զոհրապ Եգանյան
Հասարակություն
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որտեղ անդրադառնում է Ֆեյսբուքում հայտնի և ակտիվ օգտատերերին։ Այս անգամ մեր հերոսը Զոհրապ Եգանյանն է։
-Զոհրապ, Ֆեյսբուքում ես ինչո՞ւ պետք է հետևեմ Ձեր էջին։ 3 ամենագրավիչ կետերը նշեք, որ կա Ձեր ֆեյսբուքյան էջում։
-Եթե լինեմ անկեղծ, պետք է ասեմ, որ ինքս չէի հետևի իմ էջին 2018թ-ից ի վեր, քանի որ չկա նորություն, չկան հստակ դիրքորոշումներ այդ պահին ցանցերում քննարկվող հարցերի վերաբերյալ, չկա քննադատություն իշխանությունների այն քայլերի հետ կապված, որոնց հետ ես համաձայն չեմ և այլն։ Ի դեպ՝ այստեղ բացարձակ կապ չունի, թե աշխատում ես մասնավոր, թե պետական ոլորտներում, այն ժամանակ, երբ ինձ համարում էին ֆեյսբուքի ամենաընթերցվող ու ազդեցիկ օգտատերերից մեկը, ես աշխատում էի պետական համակարգում։ Ինձ հետևում են շուրջ 15հազար օգտատերեր, բայց խոստովանում եմ, որ իմ հետևորդներն անցյալից մնացած հավատարիմ մարդիկ են։ Չեմ բացառում, որ անցյալի նման ժամանակները նորից հետ գան))):
-Քաղաքական գործիչներից ո՞ւմ եք հետևում Ֆեյսբուքում, բացի Արթուր Վանեցյանից և Արմեն Աշոտյանից)):
-Մեր քաղաքական գործիչներն այնքան ակտիվ են սոցցանցերում, որ նրանց չհետևելու տարբերակ ուղղակի չկա, եթե դու չես ցանկանում հետևել քաղաքական գործիչներին, պետք է արտագաղթես սոցիալական այլ ցանցեր։ Իհարկե հաճախ է պատահում, երբ գովազդի տակ աշխատող նյութերի ես բախվում ու պարզում ես, որ դեմքի լուրջ արտահայտությամբ այս անհայտ մարդը պատգամավոր է, նույնիսկ մարզպետ կամ նախարար։
-Եղե՞լ է դեպք, երբ մեկի հետ զրույցը սքրինշոթ անեք ու մոռանաք էլի իրեն ուղարկեք։ Ի՞նչ եք այդպիսի դեպքերում պատասխանում։
-Թերևս ոչ, բայց շատ ծիծաղելի կլինի)))
-Նամակներ հաստատ շատ եք ստանում։ Ու զավեշտալի նամակների պակաս էլ հաստատ չեք զգում։ Ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք։ Այն մեկով, որը շատ է Ձեզ մոտ տպավորվել։
-Նամակներ իսկապես շատ եմ ստանում, իմ աշխատած տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր մինչև հիմա ստանում եմ, օրինակ՝ Գյումրիում ինչպես կարող ենք տարածք գնելուց մինչև ուսանողների վարձավճարների, փակ հաստատություններում տեսակցությունների ու իմ ամենասիրելի մասը՝ այս կամ այն համայնքում ֆուտբոլի դաշտ ունենալու հնարավորություններ և այսպես շարունակ։ Պետք է ասեմ սակայն, որ ամենաշատն ուրախացել եմ ապրիլյան պատերազմի օրերին Արցախում ապրող մեր հայրենակիցներից ստացված նամակներից, կային այնպիսիք, որոնք անհնար էր ընթերել առանց էմոցիաների։
-Ֆեյք երբևէ ունեցե՞լ եք։ Եթե՝ այո, ինչպե՞ս էր այն կոչվում և ինչո՞ւ էիք բացել, եթե ՝ ոչ, ապա պատկերացնենք պետք է բացեք, ի՞նչ անուն կդնեիք։
-Իհարկե ունեցել եմ, 2009թ․ էր կարծեմ, արդեն խոսում էին ֆեյսբուքի մասին ու մութ անտառ մտնելու նման մի բան էր։ Ինքս երբեք չէի եղել որևէ սոցցանցում նույնիսկ օդնակլասնիկիում ու որոշեցի գրանցվել, որ տեսնեմ թե ինչ է սա ու բացեցի օգտահաշիվ, որն իմ անունով չէր։ Մի քանի օր հետո գրանցվեցի իմ անուն ազգանունով ու շարունակում եմ հանդես գալ իրական կերպարով։ Ինչ վերաբերում է անվանը՝ երևի այդ պահին մտքիս մի բան կգա))
-Ֆեյսբուքում «Թավշյա» հեղափոխությունից հետո ի՞նչն է փոխվել։
-Սկսած 2016թ-ից, հատկապես ապրիլյան պատերազմից հետո ֆեյսբուքում նկատվեց հազարավոր ֆեյքերի լույս աշխարհ գալ․ հայհոյանքը սկսեց մտնել վիրտուալ տարածություն, որն իր պիկին հասավ Ոստիկանական գունդը գրավելու օրերին, երբ որոշ խմբեր ուղղակի հոշոտում էին այլ կարծիք արտահայտողներին։ Այս իրավիճակը պահպանվեց երկու տարի ու իշխանափոխությունից հետո ֆեյսբուքյան ֆեյքերը սկսեցին իրենց ավելի ազատ զգալ ու ավելի մեծ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա։ Ցավոք սրտի մանիպուլյացիայի դեմն առնող չեղավ ու այսօր արդեն նկատում եմ իրավիճակ, երբ իշխանությունը չափից շատ ուշադրություն է դարձնում վիրտուալ տարածությանը ու վստահաբար այս առումով տուժում է իրական աշխատանքը։ Չափից շատ են ֆեյք օգտահաշիվները, որոնք պաշտպանում են իշխանությունների տեսակետներն ու հայհոյում ընդդիմախոսներին, իսկ դրա հետևանքը լինելու է այն, որ ընդդիմախոսներն էլ գործեն այդ ոլորտում ու մեր երկիը դառնա վիրտուալ խենթանոց։ Սա ասում եմ ցավոք, քանի որ տեղեկատվական այս պատերազմում ամենամեղքը մարդիկ են, նրանց հոգեկան հանգստությունը, բնականոն կյանքը, հասել ենք նրան, որ սոցցանցերում գրառումների համար ընկերներ են վիճում իրար հետ, հարազատ մարդիկ են հեռանում իրարից։ Մեր հասարակությունը լրջագույն խնդիրներ ունի և դրանք խորանալու են, մինչև չլինի լարվածության հանգուցալուծում, լիցքաթափում։ Դա կարող է լինել սոցցանցերից օգտվելու կանոնների փոփոխությունը, այլ սոցիալական ցանցի անցնել կամ քաղաքական փոփոխություններ։
-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ, ում պարտադիր է հետևել և ինչու։
-Թերևս մեր ֆուտբոլիստներին ու ակումբների պաշտոնական էջերին։ Չեք հավատա, բայց դադարել եմ կարդալ քաղաքական գործիչների գրառումները, առավել ևս, եթե դրանք երկար են։ Տեսանյութերը դիտում եմ, ընդդիմադիր կեցվածք ունեցողներից մի քանիսինը պարտադիր լսում եմ, օրինակ երեկոյան քայլելիս ականջակալները միացնում եմ ու լսում ասելիքը։ Նիկոլ Փաշինյանին օրիանակ հետևել պետք չէ, դու կարող ես unfollow անել նրա էջը, բայց նա կհայտնվի լրատվականների էջերով, եթե դուրս գաս ֆեյսբուքից, առավոտյան ԱԻՆ-ի ավտո կանցնի քո պատուհանի տակով ու դու նորից ստիպված կլինես լսել Փաշինյանի խոսքը։ Ի դեպ՝ մեկ մարդը չի կարող լինել ամեն տեղ ու խոսել առողջապահությունից, մինչև խոզի խորովածը ճիշտ անելուց։
-Ամենատպավորիչ ու հիշարժան պահը, որը կապված է Ֆեյսբուքի հետ, ո՞րն է եղել Ձեր կյանքում և ինչո՞ւ։
-Հիմա դժվարանում եմ հիշել, բայց նախկինում, երբ չունեի անձնական նկար, պատահում էր, որ սրճարանում կամ այլ մարդաշատ վայրում մարդիկ խոսում էին իմ գրառումների մասին ու պնդում, որ իմ էջը վարում են մի քանի հոգի, կամ որ մեկն ասում էր հա իմ ընկերն է ինքը, իրար հետ ենք աշխատել, բայց նման բան չկար, մոտավոր այսպիսի բաներ)))
-Իգական սեռի օգտատերերը շատ են ստանում «Սիրուն աղջիկ արի ծանոթանանք» բովանդակությամբ նամակներ։ Իսկ Դուք երբևէ ստացե՞լ եք «Սիրուն տղա, արի ծանոթանանք» նամակներ) կամ փորձե՞լ են աղջիկները ՖԲ-ում Ձեզ «խոսեցնեն»)))
-Ես այդքան բախտավոր ու հաջողակ չեմ, որքան թվում է)))
-Եվ վերջում, Ձեր ֆեյսբուքյան ընկերների համար կարո՞ղ եք մի քառատող հորինել։
-Փորձեցի մի քանի անգամ, բան չստացվեց։ Եկեք քառատող չնվիրեմ, տաղանդ չունեմ)):
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի