Ի դեպ. համավարակի, քաղաքական պայքարի ու կանոնների մասին
ADTVՄինչ Հայաստանում համաճարակային իրավիճակն ու պարետատունը օրուգիշեր հորդորում ու կոչ են անում կրել դիմակներ, պահպանել ֆիզիկական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը, քաղաքական դաշտում իսկական մերձամարտ է սկսվել՝ սոցիալական հեռավարությունը չպահպանելով, առանց դիմակների ու պարբերաբար չախտահանվող ձեռքերով։ Այս մասին են վկայում այսուայնկողմից հրապարակ նետվող կոմպրոմատները։ Առայժմ ամենացնցող կոմպրոմատը ԲՀԿ առաջնորդի մասին էր։ Հեռավոր սովետական ժամանակներում, ոչ ավանդական ֆորմատով տեղի ունեցածի մասին տեղեկությունները վաղուց էին շրջանառվում, թեեւ ոչ այսքան մանրամասնորեն ու հանգամանորեն։
Տրամաբանությունը հուշում է, որ կոմպրոմատների պայքարը դեռ նոր է սկսվում ու առաջիկայում էլ ավելի աղմահարույց ու սկանդալային հրապարակումներ կլինեն։Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու անձամբ ինքը, վարչապետը, հայտնվել են քաղաքական կրակահերթի տակ, միաժամանակ նմանատիպ հարվածներ են ստանում դրսից ու ներսից՝ պայմանականորեն ասած Հյուսիսից մինչեւ Հայաստանյան պադվալներ, վերնատներ ու հյուրասենյակներ։ Խոստանում են Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայրենիք, Դաշնակցություն, հանուն հանրապետության՝ ազգային ու ժողովրդավարական երկիր։
Մի խոսքով՝ հրադադարի ավարտ, բաց ճակատամարտ, առանց կանոնների։ Հաշվարկը պարզ է՝ հյուսիսից ազդակները կան, կոնորավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժվարությունները գնալով խորանալու են, ամեն ինչ պետք է անել հանրությանը «նավի խորտակման» տեսլականը հնարավորինս ճշմարտանման ներկայացնելու համար։ Որոնք են իշխանության հակաքայլերը, ի վերջո ինչով կավարտվի այս դիմակայությունը։
Իշխանությունը, բնականաբար, ձեռքը ծալած չի նստելու։ Այդ մասին են վկայում վարչապետի վերջին որոշումներն ու բավական կոշտ հայտարարություններ այն մասին, թե ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի եւ այդ գնահատականի հասցեատերերը արժանանալու են կոնկրետ ճակատագրի։ Մեջբերում եմ՝ «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը»։Սա մեջբերման ավարտն էր։Ստացվում է, որ ընդդիմությանը խախտեց կորոնավիրուսային իրավիճակով ենթադրվող հրադադարը, իշխանությունը հաղթահարում է «քաղաքական թավիշը»։ Արտակարգ դրության երկարաձգումը կողմերի համար նախապատրաստական զորավարժությունների ժամանակահատված է, դրանից հետո թեժ է լինելու։