ԱԱԾ-ն ամենաերկարը ղեկավարել է Գորիկ Հակոբյանը, ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենը Արգիշտի Քյարամյանն է
Փաստերի լեզվով
Երեկ հայկական լրահոսի թոփ թեման ուժային կառույցներում պաշտոնանկություններն ու նշանակումներին էին։ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնանկությունները տարբեր անկյուններից էին դիտարկվում։ Այս ֆոնին քննարկումների կոնտեքստում էր գտնվում նաև այն հարցը, թե Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նշված ուժային կառույցներում քանի անգամ են փոխվել ղեկավարները և հատկապես որ նախագահի օրոք են ուժայինների ղեկավարները առավել երկար պաշտոնավարել։
Ազգային անվտանգության ծառայություն
Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային անվտանգության նախարարությունը քանիցս ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների։ Անկախ Հայաստանում, 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին» օրենքով ՊԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ է նշանակվել գեներալ-մայոր Հուսիկ Հարությունյանը։ Հուսիկ Հարությունյանը պաշտոնավարել է 1991-92թթ։
1992-93թ.թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ է եղել Վալերի Պողոսյանը։
1993-94թ.թ. Ազգային անվտանգության պետական վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը։
1994-95 թ.թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար է եղել Դավիթ Շահնազարյանը։
1995թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչությունը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարության, եւ նախարար նշանակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը, որպես ԱԱԾ նախարար, պաշտոնավարել է 1995-96թ.թ. եւ 1999թ.։ 1996թ. նոյեմբերի 8-ին մեկ կառույցում միավորվեցին ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը, եւ ստեղծվեց ՀՀ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություն։ Այն շարունակեց ղեկավարել Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ, 1999թ., այդ նախարարությունը կրկին տարանջատվեց Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունների։
1999թ. նոյեմբերին` հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ՀՀ Ազգային անվտանգության նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը։ 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունը վերաձեւավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության։ Կառլոս Պետրոսյանը 2003թ. նշանակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ պաշտոնավարում է մինչեւ 2004թ. նոյեմբերի 5-ը։
2004թ. մինչեւ 2016թ. ԱԱԾ տնօրենը Գորիկ Հակոբյանն էր։ Նա եղել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, իր կարիերան շարունակել է նաեւ անկախ Հայաստանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Նա 2016թ. փետրվարին պաշտոնից ազատվել է պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու պատճառով։
Հակոբյանին փոխարինել է Գեորգի Կուտոյանը, ով մինչ այդ համարվում էր ամենաերիտասարդը՝ ԱԱԾ տնօրենների մեջ։ Կուտոյանը պաշտոնավարել է 2016 թ-ի փետրվարի 12-ից մինչև 2018 թ-ի մայիսի 10-ը։ 2020 թվականի հունվարի 17-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Վանեցյանը, վերջինս պաշտոնավարել է 2018 թ-ի մայիսի 10-ից մինչև - 2019թ-ի սեպտեմբերի 16-ը։
Վանեցյանին փոխարինել է Էդուարդ Մարտիրոսյանը, ով 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: 2020 թվականի մարտի 19-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Նա պաշտոնավարել է մինչև 2020թ-ի հունիսի 8-ը։
Երեկ՝ հունիսի 8-ին, ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Երկրում իշխանական վերադասավորումից հետո Քյարամյանը ամենաշատ պաշտոնների նշանակված անձն է։ Նա 2 տարվա ընթացքում 8 տարբեր պաշտոնների է նշանակվել, իսկ վերջին 2 ամսում՝ 4 պաշտոնի.
2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:
2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
2019 ապրիլի 10-ից, աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
2019 ապրիլի 25 - 2020 մայիսի 4, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար:
2020 մայիսի 4 - 2020 հունիսի 8, աշխատել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:
2020 հունիսի 8-ից, ՀՀ ԱԱԾ տնօրեն:
Այսպիսով Քյարամյանը ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենն ու իշխանափոխությունից հետո ամենաշատ պաշտոնների նշանակված անձն է։ Ամենաերկարը պաշտոնավարել է Գորիկ Հակոբյանը՝ 12 տարի։
Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին այս կառույցի ղեկավարը 5 անգամ փոխվել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու պատճառով նրան փոխարինել է Գեորգի Կուտոյանը։ Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Քյարամյանը 3-րդ ԱԱԾ տնօրենն է։