Արայիկ Հարությունյանին մեքենա նվիրած ռուսաստանաբնակ հայ գործարարն ինչ բիզնեսներ ունի ՀՀ-ում և ՌԴ-ում (լուսանկարներ)
Փաստերի լեզվով
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ երկրորդ մեքենան է նվեր ստացել, սակայն ի տարբերություն նախորդ դեպքի, երբ գաղտնի պահվեց նվիրատուի անունը, այս անգամ անունը հրապարակել էր նշելով նաև, թե երկու մեքենաներից որը ինչ պայմաններում է օգտագործելու։
Ըստ նախագահի, Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան իրեն նվիրել էր ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանը։ Մեքենայի շուկայական արժեքը 50-65 հազար դոլարի սահմաններում՝ կախված թողարկման տարեթվից:
Աշոտ Օրդուխանյանը Հայաստանում երկու ընկերությունում բաժնեմաս ունի։ Օրդուխանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանին պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ն գնել է 2010թ-ի հունիսի 25-ին։ Բաժնետոմսերի 25 տոկոսը 2010թ-ի հուլիսի 6-ին փոխանցվել է Ավետ Սարգսյանին։ Ընկերությունը զբաղվում է հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ։
Աշոտ Օրդուխանյանին է պատկանում նաև «Արթուր-Աշոտ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը։
Ռուսական rusprofile.ru կայքից տեղեկանում ենք, որ Աշոտ Օրդուխանյանի անունը կա 5 ընկերության հիմնադիրների ցուցակում։
Ընկերություններից «Նովոսիբիրսկ» ՍՊԸ-ն պաշտոնապես գրանցվել է 2014թ-ի հուլիսի 11-ին։ Գլխավոր տնօրենը Դմիտրի Կաչանովն է։ «Նովոսիբիրսկ» ՍՊԸ-ն գտնվում է Մոսկվայում, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ Օրդուխանյանին է պատկանում բաժնետոմսերի 22.5 տոկոսը։
Օրդուխանյանը բաժնեմաս ունի նաև «Արմավիր» ՍՊԸ-ում։ Ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2010թ-ի դեկտեմբերի 17-ին, Օրենբուրգի շրջանում։ Տնօրենը Մհեր Դարբինյանն է։ Ընկերությունը զբաղվում է մեքենայի շարժիչի յուղերի ներմուծմամբ և վաճառքով։ Օրդուխանյանին է պատկանում ընկերության 25 տոկոս բաժնեմասը։
«Տերյան» հիմնադրամի հիմնադիրներից է նաև Աշոտ Օրդուխանյանը։ Հիմնադրամի տնօրենը Գևորգ Սարկիսյանն է։ Հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2005թ-ի հոկտեմբերի 26-ին։
«Բենո Մել Ինվեստ» ՍՊԸ-ում ևս Աշոտ Օրդուխանյանը բաժնեմաս ունի։ Ընկերությունը զբաղվում է ցորենի ալյուրի արտադրությամբ, գրանցվել է 2007 դեկտեմբերի 17-ին։ Գլխավոր տնօրենը Գագիկ Հովհաննիսյանն է։ Օրդուխանյանին է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 0.11 տոկոսը։
«Ալֆա Դևելոփմենթ» ՍՊԸ-ում ևս Օրդուխանյանը բաժնեմաս ունի։ Այս ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2019թ-ի հուլիսի 15-ին։ Ընկերության տնօրենը Արտաշես Կեսոյանն է։ Այն զբաղվում է արխիվացման և պահպանման գործունեությամբ։ Աշոտ Օրդուխանյանին է պատկանում 5 տոկոս բաժնեմասը։
Աշոտ Օրդուխանյանն իր անունով ունի գրանցված ԱՁ՝ «Օրդուխանյան Աշոտ Սենիկի» ԱՁ-ն։ Ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին էլեկտրոմոբիլ են նվիրել, որով էլ վերջինս աշխատանքի կգնա։
Արմինե Նավոյան