Իշխանությունները հայտարարում են, որ Սահմանադրական դատարանի հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ խորհրդարանում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ առաջարկվում է ՍԴ նոր նախագահ ընտրել, 12 տարի պաշտոնավարած դատավորներին էլ հեռացնել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հենց սկզբից էլ այդ տարբերակի մասին ասել են. «Այն, որ մենք դեռևս երկու-երեք ամիս էինք ասում, որ այս հարցը պետք չէ հանրաքվեի տանել, այլ պետք է ընդամենը Ազգային ժողովով հարցը լուծել, երևի կհիշեք: Մենք ասում էինք, որ պետք չէ 7մլրդ դրամ ծախսել, հասարակությանը շեղել առկա օրակարգերից: Ունե՞ք այդպիսի խնդիր, դուք ԱԺ-ում մեծամասնություն եք, կարող եք ձեր ձայներով այդ խնդիրը լուծել: Դա մենք հայտարարում էինք այն ժամանակ և մեր գործընկերները պնդում էին, որ դա հնարավոր չէ: Հիմա որոշել են, որ հնարավոր է: Ես չգիտեմ, թե ինչ իրավական մեխանիզմներ են տեսնում, չեմ կարդացել: Դե տեսականորեն կարող ենք խոսել այդ մեխանիզմների մասին, բայց գործնականում դրանք խնդրահարույց են: Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի մեխանիզմներ են տեսնում, ինչպիսի լուծումներ են առաջարկում, որ կարողանամ ինչ-որ բան ասել: Գիտենք, որ դիմել են Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական եզրակացության համար, բայց ես չգիտեմ, թե նրանք արդեն իսկ պատրաստ գործիքներով են դիմել, թե դիմել են, որպեսզի այնտեղից ինչ-որ մի գործիք ստանան: Պետք է սպասենք այս երկու օրը, հասկանանք ինչ առաջարկություններ է ներկայացվել Վենետիկի հանձնաժողովը և ինչ եզրակացություն է եկել այնտեղից, նոր կկարողանանք գործնական վերլուծություն տալ»:
Հարցին` ինչպես կքվեարկեն այդ տարբերակին, Սիմոնյանը նշեց, որ դեռևս նախագիծ չի ներկայացվել և մեխանիզմներին ծանոթ չեն, դրա համար էլ չեն կարող ասել:
«Մենք կողմ ենք, եթե գործընթացն օրենքին համապատասխան լինի և չխախտի Սահմանադրությունը և դեմ ենք լինելու, եթե դա հակաօրինական լինի»,-հավելեց նա:

