Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեքենայի լուսանկար էր հրապարակել ու գրել էր, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այդ էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։ ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս նվերին՝ քաղաքագետ Արա Պապյանն հիշեցրեց, որ չի հավատում նման նվերների անշահախնդրությանը։ «Նա ով նվիրել է՝ ակնկալիք ունի, որ վաղը Արայիկ Հարությունյանը իրեն ինչ-որ բիզնես արտոնություններ է տալու։ Ես լավ գիտեմ Արայիկ Հարությունյանի բիզնես շրջապատը, անձամբ գիտեմ շատերին, այնտեղ նման մարդ չկա, որ հենց այնպես մեքենա կնվիրի։ Նվիրողն արտոնություններ է ուզելու՝ օրինակ՝ հանքերում, լճերում, գետերում կամ բանկային կամ այլ ոլորտում աշխատելու համար։ Հարցրեք, թե ով է թիվ մեկ օլիգարխը Արցախում, ձԵզ կտան Արայիկ Հարությունյանի անունը»։ Պապյանը նաև հիշեցրեց, որ 2 տարի առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Արցախում ոստիկանապետի համար 300 հազար դոլարանոց ջիպ էին գնել։
«Բակո Սահակյանն ինչ է՝ մեքենա չունե՞ր, հեծանիվո՞վ էր գնում աշխատանքի։ Ես չգիտեմ Բակոյի մեքենաներն ինչ արժեր, բայց կարծում եմ՝ ոստիկանապետի մեքենայից վատը չլիներ։ Իսկ ասել, թե էլեկտրոմոբիլի են անցնում բնության համար՝ դա լուրջ չի, քանի որ Արայիկ Հարությունյանն իր որոշումներով Արցախի բնության հերն անիծում է։ Գնացեք տեսեք ցամաքած գետերը, այդ ցամաքած գետերի հունի երկայնքով ցամաքած անտառները, այդ անտառներից փախած թռչուններին և կենդանիներին, հետևաբար, պարզապես ինչ-որ մեկը կաշառք էր տալիս։ Այո, սա կոռուպցիա է, մենք համապատասխան օրենք ունենք։ Ու նաև շատ վատ է, որ այն գործարարը կամ օլիգարխը, որ փոխացել է մեքենան՝ ներգրավել նաև Փաշինյանին, այդ օլիգարխը նաև Փաշինյանից է դրա դիմաց ինչ որ բան ուզելու»,-ասաց Պապյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Փաշինյանը խոստացել էր կրճատել ծառայողական մեքենաների քանակը։ «Եթե ճիշտ չի կրճատելը, որովհետև դրանք անհրաժեշտություն են, հետևաբար հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ էին խոստանում։ Եթե չի կատարելու խոստումը՝ թող հայտարարի ու ներողություն խնդրի, ասի՝ ես չեմ կարող իմ խոստումը կատարել, ինձ կներե՞ք, թե ես հրաժարական տամ։ Մարդուն ընտրում են խոստումների համար, ոչ թե դրանցից հետ կանգնելու»։

