Փոքր Մասրիկ համայնքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Գեղարքունիքի մարզպետը սխալվել է
Կորոնավիրուս
Երեկ՝ մայիսի 19-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ի թիվս այլ համայնքների կորոնավիրուսի դեպք է գրանցվել նաև Գեղամասար համայնքի Փոքր Մասրիկ վարչական շրջանում։
ArmDaily.am-ի հետ զրույցում Փոքր Մասրիկ վարչական շրջանի ղեկավար Լևոն Մանասյանը հայտնեց, որ համայնքից մեկ հոգու մոտ է կորոնավիրուս կասկածվել, սակայն հերքվել է. «Երեկ չէ առաջին օրը մի հոգու տարել են, թեստավորել են, պարզվել է, որ կորոնավիրուս չի։ Իրեն վատ է զգացել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ երկկողմանի թոքաբորբ ունի, բայց կորոնավիրուսի թեստը բացասական է եղել»։
Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատված դեպքերի մեջ նշել էր նաև Փոքր Մասրիկը՝ Մանասյանը արձագանքեց. «Շփոթմունք է եղել, զանգել տեղյակ են պահել, իրենք ասել են՝ մենք կհանենք Փոքր Մասրիկը, սխալմունք է եղել»։