17 անձ է բերվել ոստիկանություն, նրանց թվում է նաև ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը (տեսանյութ)
ԻրավականՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ առավոտյան բերման են ենթարկվել տասնյակ երիտասարդներ ինչպես «Ադեկվատ» միաբանությունից, այնպես էլ այլ հասարակական նախաձեռնություններից, քաղաքական կուսակցություններից։ «Իրենց թվում են նաև ՀՀԿ ԵԿ անդամները, այդ թվում կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։ Խոսել բերման ենթարկելու իրավական նորմերից ծիծաղելի է, որովհետև բոլորդ էլ տեսնում եք, որ երկրում արտակարգ դրությունը որևէ մեկի «վեջը» չի և այս համատարած բարդակի դեպքում, միայն քաղաքական ու քաղաքացիական ազատություների սահմանափակումներն են հսկվում ու ճնշվում այս իշխանությունների կողմից։ Պարետատան ու կառավարության գործունեությոնը խայտառակ է եղել։ Հայաստանը, ցավոք, դառնում է սև ռեկորդակիր»,-նշեց Աշոտյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ 17 անձ «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին։
Հիշեցնենք, որ 182 հոդվածը սահմանում է, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։