Ի դեպ. Քաղաքացու օրվա, քաղաքական պայքարի ու դրսի ազդակների մասին
Ի դեպԻ դեպ, այս տարի մի տեսակ աննկատ անցավ քաղաքացու օրը, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված կարգով նշվում է ամեն տարի, ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ստացվեց այնպես, որ ապրիլի վերջին շաբաթ օրը հաջորդում էր ապրիլ 24-ի ուրբաթին, եւ եթե ապրիլ 24-ի հիշատակի օրը պարզապես անհնար էր չնշել, եւ կառավարությունը մի աննախադեպ տարբերակ գտավ բարձրաճաշակ ու ազդեցիկ միջացառման, ապա քաղաքացու օրվա միջոցառումները խիստ հասկանալի պատճառով, ասենք այսպես՝ «գրվեցին սառույցին»։ Բայց կարեւորը դա չէ, այլ այն, թե ինչպիսի մտորումներ ունի Հայաստանի քաղաքացին քաղաքացու օրը՝ կապված հեղափոխության, դրա ընթացքի,ձեռքբերումների ու հեռանկարի հետ։ Այն, որ ձեռքբերումներ կան,անվիճելի է ու անվիճարկելի։ Դրանց մասին են վկայում որոշակի պարբերականությամբ ներկայացվող 100 փաստերը։
Անվիճելի ու անվիճարկելի է նաեւ, որ հեղափոխությունից հետո այսպես կոչված «հեղափոխական էյֆորիան» նվազել կամ վերացել է ու տեղ տեղ նկատվում է նաեւ հիասթափություն։ Հիասթափված խմբերի մասին խոսեց նաեւ վարչապետը։ Այստեղ մի նրբություն կա, որ ի տարբերություն սեփական ակնկալիքները բավարարված չլինելու հանգամանքով հիասթափվածների, երեւի թե կա եւս մի խումբ, որը անձնական ակնկալիքներ չուներ եւ չունի, սակայն բավարարված չէ հեղափոխության ընթացքի ու ընթացիկ արդյունքների մասով։ Բայց սա էլ նորմալ է, ի վերջո չմոռանանք, որ հեղափոխության ժամանակ ակնկալիքներն ու սպասումները երազանքի մակարդակի էին։ Այլ հարց է, թե ստեղծված իրավիճակը, որին գումարվել է համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրների փունջը, ինչպես է օգտագործվում ընդդիմության, նախկին իշխանությունների կողմից։ Սովորաբար ճգնաժամային վիճակներում, գրված ու չգրված օրենքներով ու կանոններով ներքաղաքական պայքարը թուլանում է, ինչը այդպես էլ իրականություն չդարձավ Հայաստանում։ Այն կարծես ավելի է սրվել ու դրանում իր մասնակցությունն ունեն նաեւ դրսից ստացվող ազդակները։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ ՌԴ ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքացու համար ամենակարեւոր ու նուրբ հարցերին, ինչքան էլ դրանք տարբեր հարթությունների մեջ են՝ Արցախի խնդիր ու գազի հարց։ Ակնհայտ է, որ այս հարցերը այսպես թե այնպես նպաստելու են Հայաստանի իշխանությունների նկատմամբ դժգոհություն գեներացնելուն՝ «տեսեք իշխանությունը ժողովրդից թաքուն փուլային տարբերակ է քննարկում, կամ տեսեք՝ այս իշխանությունը ի զորու չէ «լեզու գտնել», որ գազի գինը չթանկանա։ Այնպես, որ Հայաստանի իշխանությունների համար հեշտ ժամանակներ չեն հիմա ու չեն լինելու առաջիկայում։Պետք է պատրաստ լինել դիմակայելու ոչ միայն համավարակին այլեւ քաղաքական պայքարին ու «Հիբրիդային պատերազմին»։