Չկա Ֆեյսբուքում Ալեն Դելոն. «Ցանցահենը»՝ Հասմիկ Ավագյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Ֆեյսբուքում հայտնի, ակտիվ ու սիրված օգտատերերին։ Այս անգամ մեր շարքի հերոսը Հասմիկ Ավագյանն է։
-Հասմիկ, կորոնավիրուսն ի՞նչ փոխեց Ձեր ֆեյսբուքյան կյանքում։
-Բուժաշխատող լինելուս հանգամանքը ֆեյսբուքյան հեռու-մոտիկ ընկերների ուշադրության (անհանգստության տեսքով) հզոր ալիք բերեց, ինչը շատ անսպասելի էր ինձ համար: Սա վերարժևորումների պահ էր, իրոք բացահայտում էր:
-Ֆեյսբուքյան գրառում էիք արել և ասում եք՝ ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում։ Իսկ ֆեյսբուքյան կյանքում ի՞նչն եք կորցրել ու գտել։
-Այստեղ ոչինչ չեմ կորցրել, դեռ միայն գտնում եմ (անկեղծ ժպիտով եմ:))։
-Օգտատեր, ում պարտադիր է հետևել Ֆեյսբուքում։
-Անուններ չեմ տա, նրանք շատ են: Բայց կնշեմ, որ առավելությունն օգտակար տեղեկատվություն ու դրական էներգիա փոխանցողներինն է: Առհասարակ՝ միշտ բացասական տրամադրված ու անխնա բողոքող տեսակից պետք է հեռու լինել, ըստ իս:
-Ամենալավ մեմը կամ գրառումը, որ կարդացել եք այս օրերին կորոնավիրուսի մասին։
- (Հիշողությունս եմ լարում, դրանք այնքան շատ են :))): «Սերը կորոնավիրուսի օրերին» տողն առանձնացնեմ, թերևս, որպես մի քիչ գրքի ու գրքոտ մարդ (անհամեստությունս վեր բարձրացավ :)։
-Եթե Ֆեյսբուքը դառնար երգ, ո՞ր երգը կլիներ ու ով այն կկատարեր։
- Մարտի 8-ին էր, եթե չեմ սխալվում, որ անթիվ գիֆերի տարափից մի տող հիշեցի ու վերափոխեցի. «Երկնքի բոլոր գիֆե՜րը քեզ եմ նվիրում, գիֆե՜րը, գիֆե՜րը, բոլոր գիֆե՜րը»: Վերջին ժամանակներում սա ամենաակտուալն է ֆեյսբուքի համար, ստացողներով կերգեինք :))։
- Ֆեյսբուքյան սերեր ունե՞ք։ Էն որ իրենց էջի հյուրն եք, երբեմն նաև թաքուն, որ չիմանան։
- Անհնարին չթվա, բայց՝ ոչ: Սիրելի մարդիկ շատ կան, հատուկ մեկը՝ ոչ: Բոլորին բաց եմ հետևում, նրանք հիմնականում նաև հարազատ մարդիկ են:
-Ամենատափակ գրառումը, որ երբևէ կարդացել եք Ֆեյսբուքում, կհիշե՞ք։
- Անկեղծ լինեմ, էլի. էնքան շատ են:
-Տղաների կողմից անտարբերության հաստատ չեք մատնվում, նամակներ էլ հաստստ ստանում եք։ Կհիշե՞ք ամենազավեշտալի նամակը , որը ստացել եք հակառակ սեռի ներկայացուցչի կողմից։
-Հինը դժվար թե հիշեմ, բայց վերջերս մի նամակ ստացա, որը իսկապես զավեշտալի էր. մարդը 4-5 էջ գրել էր իր մասին, ներկայացել ինչպես կարգն է, սովորածը, գիտական կոչումը, աշխատանքը, մինչև անգամ քաղաքական հայացքները: Ուզում էր ուղղակի շփվել: Գուցե ցինիզմն է խոսում հիմա, բայց զավեշտալի է նման ծավալուն նամակ ուղարկելը շփման նպատակով:
-Ի՞նչը կփոխեիք ֆեյսբուքում։ Էն որ ամենաշատն է ներվայնացնում։
-Ֆեյսբուքը միայն որպես աշխատանքային գործիք է երբեմն ներվայնացնում: Կարելի էր որոշ բաներ փոխել՝ հնարավորության դեպքում:
-Սոցիալական ցանցերը մեզանից շատ ժամանակ են խլում։ Որքա՞ն ժամանակ եք անցկացնում ՖԲ-ում ու կուզեիք այդ ժամանակը կրճատել։
- Ոչ վիրուսային ընթացքի ժամանակ էստեղ լինում եմ հիմնականում ուշ երեկոյան, իսկ օրվա մեջ շատ ավելի քիչ է ժամանակ մնում ֆեյսբուքին: Կարճ ժամանակով գալիս ու գնում եմ: Եվ, եթե խանգարի որևէ առումով, ապա պարզապես չեմ գա, հատուկ կրճատումների խնդիր չունեմ: Վաղուց անցել է ֆեյսբուքյան կախվածությանս տարիքը:
-Ֆեյսբուքյան Ալեն Դելոնն ո՞վ է Հասմիկի համար))
- (Էս հարցը կարդալիս անկեղծորեն ծիծաղել եմ): Չկա նման մարդ, Ալեն Դելոն կոչելու նախապայմանները շատ են, ախր):
-Ֆեյսբուքը գիրք է, որի հեղինակը Դուք եք։ Վերնագրեք այն ու նշեք, թե ինչ տողով կավարտեիք։
- Այս պահին ֆեյսբուքը կարելի է Չարենցով նկարագրել. ամբոխները խելագարված: Սրանից ավելի հանճարեղ բնականաբար չեմ կարող լինել:
-Տոնական գիֆեր, մեծացրեք երեխայիս նկարը լայքեք, ֆաբերլիկին միացեք...
Ինչպիսի՞ նամակներն են Ձեզ հունից հանում։
-Ֆեյսբուքում ինձ վաղուց արդեն ոչինչ հունից չի հանում: Համակերպվել եմ այն մտքի հետ, որ եթե սոցիալական հարթակում ես, ուրեմն պիտի հանդիպես մարդկանց բոլոր խմբերին: Հակառակը՝ հումորվ եմ պայքարում դրանց դեմ:
-Եթե որոշեք վերջնականապես ջնջվել ՖԲ-ից, ի՞նչը կարող է դրա պատճառը լինել ու ինչը կստիպի կրկին հետ գալ այստեղ։
- Եթե էստեղ անհետ կորեն այն մարդիկ, ովքեր արժեքավոր ասելիք ունեն՝ երևի ես էլ կգնամ: Բայց գնալուց հետո գալու մասին մտածելը բարդ է:
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի