Ի դեպ, Պոլսի հայոց պատրիարքությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին՝ իր նախաձեռնած դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։ Դրամահավաքի նպատակն է աջակցել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:
Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը իր հինգ ամսվա աշխատավարձն է նվիրաբերել է դրամահավաքին, նրան են միացել նաև մի շարք հոգևորականներ: Ընդհանուր առմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանն ու Հայկական հիմնադրամների միությունը դրամահավաքին 600 հազար թուրքական լիրա են նվիրաբերել՝ շուրջ 88 հազար դոլար: Հեռախոսազրույցի ժամանակ հայ համայնքին շնորհակալություն հայտնելուց զատ, Էրդողանն ասել է, որ հեշտացնում են Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Սա ի դեպ: Հիմա ամենաուշագրավը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Իհարկե, նորմալ է՝ ճգնաժամային վիճակները, հոմանիտար աղետները միավորում են մարդկանց, պետություններին ու նորմալ է, որ հարեւան պետությունները փորձում են օգտակար լինել մեկմեկու: Ի դեպ, դրա նախադեպն էլ կա, 93 թ-ին Թուրքիան մեզ օգնեց հացահատիկի հարցում, իսկ 2011թ-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին Հայաստանը տրամադրեց շուրջ 40 տոննա մարդասիրական օգնություն։ Ամեն դեպքում, հարցը շատ նուրբ է ու բարդ, եւ այս համատեքստում փորձագիտական շրջանակներում քննարկվում են Էրդողանի հայտարարությանն առնչվող բազմաթիվ հարցեր.Արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ որ կերպ արձագանքի Էրդողանի հայտարարությանը, թե ոչ։ Եթե այո, ապա ինչ ձեւաչափով: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Էրդողանի հայտարարությունը ներկայացվել է եկեղեցու խողովակով, ասել է՝ թե պաշտոնական չէ եւ արձագանքն էլ չի կարող պաշտոնական լինել:
Եվ ընդհանրապես, արձագանքն ինչի մասին պետք է լինի՝ ընդունել առաջարկը, թե չընդունել ու բավարարվել դիվանագիտական-քաղաքավարական հայտարարությամբ՝ շնորհակալ ենք, բայց օգնության կարիքը չունենք: Տարբերակները շատ են, սպասենք հայկական կողմի՝ վարչապետի կամ ԱԳ նախարարության արձագանքին:

