Ականի պայթյունի հետևանքով վիրավորված կինն այս պահին Երևանի հիվանդանոցներից մեկում է, երկու անգամ վիրահատվել է՝ մի ոտքի բեկորները հանելու համար, մյուսը ոտքը՝ ամպուտացնելու: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Պ. Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
Համայնքապետի խոսքով այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Այս պահին վիճակը կայուն է, կոմայից դուրս է եկել, արյուն են ներարկել, դեպի ապաքինում է գնում»:
Ստեփանյանը նշեց, որ կինը 3 երեխա ունի՝ 2-ը դպրոցական են, փոքրը նախակրթարան է հաճախում:
Անդրադառնալով դեպքի հանգամանքներին՝ համայնքապետը նշեց, որ նման դեպք ընդհանրապես չէր եղել. «Գյուղի վարչական տարածքում բանջար են հավաքել, առաջացել են այնքան, որ մտել են արդեն պաշտպանական գոտի, որտեղ քաղաքացիական անձանց մուտքը արգելվում է, այնպես չէ, որ բոլոր տեղերը մինապատված է ու նման խնդիր կա, երևի առաջացել են, չեն զգացել, որ շատ են խորացել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:
Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»

