Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Վրաստանում սկսեցին փողոցները լվանալ, հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում համեմատությունները Վրաստանի հետ նոր թափ առան։ Բանն այն, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը բավական ցածր է։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն, անդրադառնալով փողոցների լվացման գործընթացին, ասաց, որ իրականում մասնագետ չէ, որպեսզի այս հարցին կարողանա օբյեկտիվ պատասխանել, սակայն դա ցույց է տալիս պահի լրջությունը եւ իշխանությունների տրամադրածությունը՝ լուծելու այս խնդիրը։
«Այն անձամբ ինձ համար ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի։ Բացի այդ՝ վարակը իրականում կարող է մնալ մայթերին ու փողոցի երթեւեկելի մասերին»։
Այվազյանը նաև համաձայն չէ շրջանառվող տեսակետների հետ, թե կամ երջանիկ պատահականություն է, որ Վրաստանին հաջողվում է վարակակիրների ցածր ցուցանիշ ունենալ, կամ էլ Վրաստանի իշխանությունները թաքցնում են դեպքերը։
«Երբ փետրվարի 26-ին Վրաստանում հայտնաբերեցին առաջին դեպքը՝ մարտի 1-ից դպրոցներում ու մանկապարտեզներում արձակուրդ հայտարարեցին։ Դեպքերի ավելանալու հետ մեկտեղ՝ անընդհատ նոր սահմանափակումներ էին մտցնում, որոնք դեռ չկային Հայաստանում։ Հայաստանում այդ օրերին համեմատաբար շատ քիչ դեպքեր կային ու ՀՀ-ի իշխանությունները այս առումով, կարծես, հանգիստ էին։ Սակայն Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերը լրիվ փոխեցին իրավիճակը Հայաստանում։ Վրաստանում էլ նման դեպքեր են գրանցվել, երբ թաղումների ու հոգեհացի ժամամակ մարդիկ են վարակվել, սակայն մեծամասամբ Վրաստանում տեղի ունեցած դեպքերը բացահայտվել են, բացառությամբ մի քանիսի։ Ինչ վերաբերվում է այն կարծիքին, որ Վրաստանը թաքցնում է վարակվածների քանակը, դրա հետ չեմ կարող համաձայնվել, քանզի ժողովրդավարական երկրներում, որտեղ լրատվամիջոցներն ու հասարակությունը ազատ է տեղեկություններ ստանալու եւ տարածելու գործում նման վարակի մասշտաբային տարածումը չի կարող գաղտնիք մնալ հասարակության համար, այն էլ Վրաստանի նման փոքրիկ երկրում»։
Նա ընդգծեց, որ բարդությունենրի եւ մահացության քանակը շատ է այս վարակից, հետեւաբար, թաքցնել իրական դեպքերը՝ անհնարին է։
«Ցանկության դեպքում մի փոքր կարող են նվազեցնել, բայց դա էական նշանակություն չի կարող ունենալ վարակվածների ընդհանուր թվի վրա, այդ պատճառով, կարծում եմ, թաքցնելն անիմաստ է։ Կարծում եմ, Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների քանակի տարբերությունը կապված է նաեւ խնդրի նկատմամբ հասարակության տրամադրվածության հետ։ Հայերս հոգեբանորեն լուրջ չենք ընդունում առողջական խնդիրները եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ չենք դիմում բժշկի։ Այս վարակի տարածումը բացառություն չէ։ Պահի լրջությունը լավ չենք գիտակցում»։
Այվազյանին հարցրեցինք նաև, թե արդյոք իշխանությունները սահմանափակումներ կատարե՞լ են ԶԼՄ-ների աշխատանքում՝ ինչպես արտակարգ դրության ժամանակ սահմանափակվեցին հայկական լրատվամիջոցների աշխատանքը։ Նա պատասխանեց, որ օրինակ, երբ երկու շաբաթ առաջ Մառնեուլիի շրջանում հայտնաբերեցին վարակակիր կնոջ եւ փակեցին շրջանը հայտարարեցին, որ որոշ շրջաններից լրատվամիջոցները իրավունք չունեն մտնել Մառնեուլիի շրջան եւ Բոլնիսի, բացի հանրայինից։
«Այնտեղ կարող էին աշխատել միայն տեղական լրատվամիջոցները՝ հանրայինի հետ միասին։ Ուրիշ սահմանափակումներ չկան, միայն կոչ են անում լրագրողներին իրենց անվտանգության համար պահպանել բոլոր անհրաժեշտ միջոցները, քանզի նրանք եւս ռիսկային խմբի մեջ են։ Հետեւելով հայկական լրատվամիջոցներին՝ հասկանում եմ, որ նույնիսկ այս դժվարին օրերին որոշ լրատվամիջոցներ առիթը բաց չեն թողնում լրջորեն քննադատել ՀՀ իշխանութկունների ու հատուկ խոսում են այն մարդկանց հետ, ովքեր իշխանություններին են մեղադրում։ Բայց իրականում դեռ մեկ ամիս առաջ շատ քչերն էին մտածում, որ այս վարակը այսքան վտանգավոր է ու հետեւաբար այդքան լուրջ չէին վերաբերում։ Բացառություն չէին նաեւ ՀՀ իշխանությունները ու հիմա այս հարցում լուրջ քննադատել կարող են կամ բարոյական իրավունք ունեն միայն նրանք, ովքեր այն ժամանակ խոսում էին այս վտանգի մասին։ Ուրիշ բան է, եթե փորձեն խորհուրդ տալ ծրագիր մշակելու եւ չանելու դեպքում քննադատեն իշխանություններին, որ դեռեւս լուրջ ծրագիր չունեն մշակած ինչպես պայքարեն այս վարակի դեմ։ Այսինքն ասածս այն է, որ ըստ ինձ Հայաստանում լրատվամիջոցները լավ էլ ազատ աշխատելու հնարավորություն ունեն եւ երբեմն խոսքի ազատությունը միտումնավոր օգտագործում են որոշ խմբերի քաղաքական շահերը առաջ տանելու համար, իսկ այս պարագայում դա շատ վտանգավոր է»։

