ArmDaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:
-Պարոն Ավետիսյան, լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարին: Ինչո՞ւ այս տարիների ընթացքում Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել և իր գործողություններին գնահատական չի տրվել:
-Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր։ Այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են։ Ուստի նրանք շահագրգռված չէին, որ իրենց հանցակիցների կատարած ոճիրը բացահայտվեր ու պատժվեր։ Բացի այդ՝ ՀՀ-ն պաշտոնապես Արցախը չի համարում իր տարածք։ Անգամ չի ընդունում նրա նկատմամբ իր արդյունավետ վերահսկողության հանգամանքը։ Իսկ նման պարագայում շատ դժվար է իրավական առումով պատասխանել այն հարցին, թե ինչ էր անում մեր զինվորը Արցախի սահմանին։ Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությանը, ապա նա շարունակում է Արցախի կեղծ անկախության թատրոնը, ինչպես նաև ձեռքերը լվացել է Արցախից և ընդհանրապես բոլոր ռազմավարական հարցերից։
-Մարտի 30-ին Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձը կատարեց, ինչի հետևանքով երկու զինվոր և մեկ դպրոցահասակ երեխա հրազենային վիրավորում ստացան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն քայլը, երբ Համաշխարհային Պանդեմիայի պայմաններում հակառակորդը դիմում է արկածախնդրության:
-Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախը, այլև ամբողջ ՀՀ-ն զավթելն ու նրա բնակչությանը ոչնչացնելն է։ Ուստի նման ռազմավարություն ունեցող պետության համար պանդեմիան ոչ թե զսպող գործոն է, այլ մեզ՝ իր հռչակած թշնամուն, լրացուցիչ ցավ պատճառելու հնարավորություն։ Մենք պետք է մեր նկատմամբ ցեղասպանական պլաններ ունեցող հակառակորդից բարոյականություն չակնկալենք, այլ իրատես լինենք և մեր տարածքն ու մյուս ռեսուրսները միասնականացնելով՝ հզորանանք ու պատրաստ լինենք պաշտպանության։ Բացի այդ, չմոռանանք, որ պանդեմիայի պայմաններում ընտրություններ կոչվող միջոցառում կազմակերպելը, այն էլ՝ զինծառայողների ներգրավմամբ, նույնպես առնվազն արկածախնդրություն է։
-Նշված միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն տարածեց: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ կողմերին զսպվածություն ցուցաբերելու վերաբերյալ կոչերը: Ի դեպ, հայտարարության մեջ նշված չէ, թե ո՞վ է եղել հրադադարը խախտող կողմը և որ կողմից են եղել տուժողները:
-ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմավարական շահերի տեսակետից գերադասելի են Ադրբեջանի շահերը՝ Հայաստանի շահերի համեմատությամբ։ Բացի այդ՝ նրանց դիրքորոշումները շտկվում են ըստ ՀԱՊԿ-ի առանցքը կազմող Ռուսաստանի դիրքորոշումների։ Իսկ Ռուսաստանի համար հաստատապես գերադասելի են Ադրբեջանի շահերը։ Ուստի ՀԱՊԿ-ից Հայաստանի օգտին որևէ քայլ պետք չէ ակնկալել:
Իզաբելա Սուլթանյան

