Covid-19-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում այսօր՝ ապրիլի 2-ին, հասել է շուրջ 1 միլիոնի, առողջացել է շուրջ 200 հազար մարդ, իսկ մահերի թիվը շուրջ 47 հազար է:
Աշխարհում արդեն 180 երկիր կա, որտեղ մարդիկ պայքարում են վիրուսի դեմ:
Երեկվա դրությամբ աշխարհում արձանագրվել է վարակի նոր՝ 76.836 դեպք: Սա նոր՝ ռեկորդային մեծ թիվ էր համաճարակի բռնկումից ի վեր և եթե այս տեմպով շարունակվի վիրուսի տարածումը, օրվա վերջում վարակակիրների թիվը կանցնի մեկ միլիոնը, իսկ մահացած հիվանդների թիվը կարող է գերազանցել 50 հազարը: Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն, որը պարբերաբար թարմացնում է վիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան:
ArmDaily.am-ը ներկայացնում է այն երկների հնգյակը, որտեղ վարակը մեծ թափ է հավաքում: ԱՄՆ-ում կա ավելի քան 215 հազար վարակակիր: Ապրիլի 1-ի հաստատվել է ավելի քան 26 հազար նոր դեպք, և մեկ օրվա մեջ ավելի քան հազար մահ (նման նախադեպ ոչ մի երկրում չի եղել):
Իտալիայում կա 110 574 մարդ, ում մոտ հաստատվել է covid-19-ը: Այստեղ երեկ ավելի քան 4 հազար դեպք է գրանցվել, իսկ մահերը գերազանցել են 700-ը: Իսպանիայում կա 104,118 վարակակիր: Ապրիլի 1-ին այստեղ հայտնաբերվել է ավելի քան 8,1 հազար նոր դեպք, գրանցվել 923 մահվան դեպքեր:
Գերմանիայում վարակվածների թիվը 77 981 է: Երեկ գրանցվել է ավելի քան 6,1 հազար նոր դեպք և 156 մահ:
Ֆրանսիան զբաղեցնում է 5-րդ տեղը վարակակիրների թվով, այստեղ գրանցվել է 56 989 դեպք): Այս երկրներին հաջորդում են Իրանը 47.593 դեպք, Միացյալ Թագավորությունը՝ 29.474 Շվեյցարիան՝ 17 768, Թուրքիան՝ 15 679 դեպք:

