Երեկվանից մամուլում տարբեր տեղեկություններ էին տարածվում, ոմանք գրում էին, որ գազը սպառողների համար թանկանալու է,իսկ ոմանք էլ նշում էին հակառակը` էժանանալու է:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչի մասին խոսվել էր դեռ վաղուց:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է վերանայել սակագները, մասնավորապես՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 դրամով, ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 դոլարով,վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 դոլարով, իսկ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համար բնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 դրամով, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 18 տոկոսով կամ 41.04 դոլարով։
«Հիշեցնեմ, որ նախորդ՝ կոալիցիոն իշխանության օրոք՝ 2017 թվականի հունվարի 1-ից նպաստառու ընտանիքներին 1 խմ բնական գազը մատակարարվում էր 100 դրամով, մինչդեռ գործող իշխանությունները այդ արտոնությունը վերացնելու են։ Հուսով եմ՝ այս կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար կավելացնի նպաստները կամ կսուբսիդավորի նրանց համար բնական գազի սակագինը»,-նշեց նա:
Տնտեսագետը այս ամենի հետևանքով կանխատեսում է հունիսի 1-ից մեծ գնաճ, հատկապես սեղմված գազը 20-25 տոկսով կթանկանա:
«Հացը, ցեմենտը, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքները կթանկանան: Ջերմոցային տնտեսություններն ունեին արտոնություն` 1000խմ-ը 2012 դոլարով, հիմա դա դառնում է 2083 դոլար, այսինքն 71 դոլարով թանկանում է:Կառավարությունը նորից փորձել է պոպուլիստական քայլ անի, մարդկանց ցույց է տալիս, թե տեսեք ձեր համար գազի գինը 3 դրամով իջացնում ենք, բայց չեն ասում, որ դրանով ապրանքների ու ծառայությունների գներն են թանկանալու: Սա է իրավիճակը, խորամանկել են»,-նկատեց նա:

