Եղել են դեպքեր, որ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի հետ կոնտակտավորները թաքնվել են բժիշկներից
Հասարակություն
Քանի նման դեպք է եղել, չեմ կարող ասել, բայց դեպքեր եղել են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շտապ օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք եղե՞լ են կոնտակտավոր քաղաքացիներ, ովքեր թաքնվել են բժիշկներից:
«Ուղղակի զարմանում եմ, թե ինչու են թաքնվում, որովհետև անպայման նման հիվանդները պետք է լինեն հսկողության տակ և պետք է գիտակցեն, որ իրենք էլ են վտանգավոր իրենց կողքի մարդկանց համար, պետք է մարդիկ ամեն ինչին գիտակցաբար վերաբերվեն»,- ասաց Ստեփանյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք շտապ օգնությունը կիրառելու է նոր ձեռք բերվելիք կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված արագ թեստերը՝ Ստեփանյանն ասաց. «Լավ կլիներ, որ կիրառեինք, այս պահին չունենք այդ ռապիդ թեստերը, եթե ձեռք բերվեն և մենք էլ կիրառենք, դրանք շատ կթեթևացնեն մեր աշխատանքը և ծանրաբեռնվածությունը ինֆեկցիոն հիվանդանոցի վրա արդեն կպակասի»: