Եթե արածս սքրինշոթը նույն զրուցակցին ուղարկեի՝ ամոթից գետինը կմտնեի.«Ցանցահենը»՝ Էդուարդ Ավետիսյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է ֆեյսբուքում հայտնի ու ակտիվ օգտատերերին: Այս անգամ մեր զրուցակիցն Էդուարդ Ավետիսյանն է:
-Եղել է դեպք, որ մեկը ստատուս գրի, ասեք՝ վախ ոնց էս ստատուսը ես չեմ գրել։ Եթե այո՝ ո՞ւմն է եղել և ի՞նչ էր գրված։
-Այո, վերջերս եղավ։ Քուչուկյան Արմանն էր գրել` «Բարև բոլորին, իմ անունը Արման Է և ես ալկոգելիկ եմ»։ Իմ մտքով էլ էր նույնը անցել, սակայն չընկրկեցի և տասն օր անց ինքս նույնպես այդ ստատուսը գրեցի))
-Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է անպայման հետևել Ֆեյսբուքում և ինչո՞ւ։
-Ռուբեն Վարդազարյանին` երկու պատճառներով։ Առաջին հերթին նա իր գրառումներում այնքան ծաղկուն ու էմոցիոնալ բառապաշար է օգտագործում, որը չես հանդիպի այլոց մոտ` ֆեյսբուքյան տիրույթում։ Երկրորդը` միշտ անդրադառնում է ակտուալ թեմաներին և իրեն հետևելով կարող ես մնալ թրենդի մեջ։ Ուրախ էի տեսնել, որ նա արդեն մաս է կազմել այս հոդվածների շարքում։
-Եղե՞լ է դեպք, երբ մեկի հետ զրույցը սքրինշոթ անեք ու մոռանաք էլի իրեն ուղարկեք։ Ի՞նչ եք այդպիսի դեպքերում պատասխանում։
-Չի եղել, բայց շատերին գիտեմ, ում հետ եղել է։ Կարող եմ միայն պատկերացնել, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե այդպիսի բան անեի։ Ամոթից ուղղակի գետինը կմտնեի։
-Կորոնավիրուսի թեմայով հենց հիմա մի հումոր կարո՞ղ եք հորինել։
-Էջումս շատ էի հումորային գրառումներ անում կորոնավիրուսի հետ կապված, բայց ճիշտն ասած վերջին օրերին որոշակի զսպվածություն եմ ցուցաբերում այդ հարցում։ Կարծում եմ՝ շատ մոտ է այն պահը, երբ ծանր դեպքեր ունենանք և այդ պահից սկսած այլևս կոռեկտ չի լինի այդ թեմայով հումոր անելը։ Ուստի հիմա զերծ կմնամ հումորից։
-Էդուարդ, Դուք նաև Երևանի ավագանու անդամ եք։ Այ, եթե լիներ Ֆեյսբուքն ավագանու անդամներ 5 հոգուց բաղկացած, ո՞ւմ կընտրեիք։ Ովքեր են այդ 5 հոգին։
-Լյուսի Քոչարյան
Հակոբ Կարապետյան
Սամվել Մարտիրոսյան
Արսեն Թորոսյան (անգամ նախքան այս ճգնաժամը, նա ֆեյսբուքյան էջ վարող ամենավարժ քաղաքական գործիչներից էր)
Եվ իհարկե` ամենայն ֆեյսբուքահայ Նիկոլ Փաշինյան))
-Մեծացրեք երեխայիս նկարը լայքեք, տարածեք քանի չեն ջնջել, այս նամակն ուղարկիր ընկերներիդ, որ մայրիկդ միշտ առողջ լինի... էլ ի՞նչ բովանդակությամբ նամակներ եք ստանում, որոնք, մեղմ ասած, հունից հանող են, և ինչպե՞ս եք պատասխանում դրանց։
-«Էդուարդ ջան, դու մեծ լսարան ունես, որ խնդրեմ էս հարցումը կդնե՞ս էջումդ» - պատասխանում եմ, որ հարցումներով չեմ կիսվում մոտս։ Կարող եմ ինքս լրացնել` որպես աջակցություն։ «Այս (ինչ որ մարքեթինգային) գրառումով կկիսվե՞ս մոտդ։ Կարծում եմ քո լսարանին կհետաքրքրի։ Կարող ենք նաև համագործակցել» - ասում եմ, որ չեմ ցանկանում էջս մոնետիզացնել ու գովազդների համար օգտագործել։ Իհարկե, գալիս են նաև բազմաթիվ նկար-գիֆ-բացիկներ ամանորին և այլ տոներին։ Դրանք հիմնականում անպատասխան եմ թողնում:
-Ֆեյք երբևէ ունեցե՞լ եք։ Եթե ՝ այո, ինչպե՞ս էր այն կոչվում և ինչո՞ւ էիք բացել, եթե ՝ ոչ, ապա պատկերացնենք պետք է բացեք, ի՞նչ անուն կդնեիք։
-Այժմ էլ մի ֆեյք ունեմ)) Շատ անկապ անուն է, անունը այս դեպքում կարևոր չէ։ Բացել եմ, որպեսզի թեստավորեմ ֆեյսուքի տարբեր գործիքներ։ Ստուգել այս կամ այն գրառման տեսանելիությունը։ Տեսնել, թե այն խմբում, որտեղ ադմին եմ, ոչ-ադմին անդամը ինչպե՞ս կարող է բողոքարկել գրառումը և այլն։ Մի խոսքով` ոչ-չարամիտ նպատակներով եմ օգտագործում իմ ֆեյքին։
-Եվ վերջում, հիմա խոսքի ազատություն է։ Ով ինչ ուզում է, գրում է մյուսի գրառման կամ նկարի տակ։ Եղե՞լ է, որ մեկնաբանության կամ նամակի պատճառով ընկնեք կռվի մեջ։ Վերջն ի՞նչ է եղել, եթե, իհարկե եղել է նման դեպք։
-Չի եղել նման դեպք։ Աշխատում եմ մեկնաբանություններում և նամակներում մաքսիմալ կոռեկտ լինել։ Այնպես, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ։ Փոխարենը, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ընկերներս կամ բարեկամներս այս կամ այն գրառումս կարդալուց ինձ ասել են, որ դա ինձ սազական չէ, հանրային մարդը չպետք է այդպիսի բաներ գրի և այլն։ Այս պարագայում անտեսել եմ հորդորները, քանի որ ճիշտ չեմ համարում այն, որ անձինք կորցնում են իրենց յուրօրինակությունը այս կամ այն պաշտոնը ստանձնելիս։ Իսկ Երևանի ավագանու անդամ լինելու պարագայում առավել ևս դա ակտուալ չէ, քանի որ դա հասարակական հիմունքներով, չվճարող պաշտոն է, որը զբաղեցնող մարդուն դժվար է անվանել քաղաքական գործիչ։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի