2019 թ-ին Հայաստանում մենաշնորհային շուկաներում կենտրոնացվածությունն էլ ավելի է խորացել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Մասնավորապես, բենզինի շուկայում, եթե 2018 թ-ին «Ֆլեշ», CPS և «Մաքս Պետրոլ» ընկերությունների բաժին էր ընկնում շուկայի 96 տոկոսը, ապա 2019 թ-ի այս ցուցանիշը հասել է 100 տոկոսի։
Տնտեսագետը պարզաբանեց, որ բենզինի շուկայում նոր խաղացողների ի հայտ գալուն խանգարում է այն, որ հին խաղացողների համար Վրաստանով բենզինի և դիզելային վառելիքի փոխադրումը 3 անգամ ավելի էժան է։ Շուկայում մշտապես գերիշխող դիրք ունեցողները վրացական երկաթուղու հետ պայմանագիր ունեն, որի համաձայն ավելի էժան են բեզինը տեղափոխում, քան նոր ընկերությունները։
«Մեր կառավարությունը վախենում կամ զգուշանում է այդ խնդիրը բարձրաձայնելուց, քանի որ դրանից հետո պետք է լուծի այն։ Հայտարարելուց առաջ, թե մենաշնորհներ չեն լինելու, թե շուկաներն ազատականացվում են, պետք է նման խնդիրներին լուծում տալ։ Միայն հայտարարելը, թե այսուհետ ով ինչ ուզում է՝ կարող է ներմուծել, բավարար չէ։ Այո, կարող է ներմուծել, բայց դրանից հետո այդ ապրանքը կարո՞ղ է մրցունակ լինել»,-ասաց Պարսյանը։

