ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիրք նվիրելու օրը` արդեն երեկոյան, որոշել էր հետաքրքիր անակնկալ մատուցել Երևանի որոշ բնակիչների։ Նա գնել էր հայ ժամանակակից գրողների գրքեր, Աջափնյակ թաղամասում պատահական ընտրությամբ բնակարաններ մտնել և նվիրել դրանք։
«Իրոք լրիվ պատահական տեղ ենք եկել, որ հընթացս լավ չկողմնորոշվենք` ոչինչ»,–ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց նա։
Վարչապետի զանգին ի պատասխան առաջին բնակարանի դուռը բացած զարմացած կնոջը ՀՀ վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ անվտանգությունը չեն պահպանում և միանգամից բացում են դուռը։ Նա 2 գիրք նվիրեց կնոջը` պայմանով, որ մեկը մինչև օրվա վերջ իրենք կնվիրեն մեկ ուրիշի։
Բնակիչներից մեկն էլ չբացեց դուռը՝ ներողություն հայցելով և հայտնելով, որ բաղնիքից նոր է դուրս եկել և չի կարող հյուրին ընդունել: Փաշինյանը նույնպես ներողություն խնդրեց անհանգստացնելու համար. «Տանտերը բաղնիքում էր, իզուր անհանգստացրեցինք»,- ասաց Փաշինյանը և շտապես թակել հաջորդ բնակարանի դուռը:
Մյուս բնակարանը մարդաշատ էր, երեխաներն ուրախությամբ մոտեցան և բարևեցին ՀՀ վարչապետին։ Այստեղ էլ Փաշինյանը 2 գիրք նվիրեց ու կրկին նույն պայմանով, որ երկրորդը նվիրեն մեկ ուրիշին։
Նշենք, որ Փաշինյանն ինքն էլ բնակարաններից մեկում գիրք նվեր ստացավ` արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ժողովածուներից։
Ոմանք ցանկացան հյուրասիրել վարչապետին, վերջինս ասաց. «Հարկ չկա, մենք անկոչ հյուր ենք»։
Ուղիղ եթերի վերջում Փաշինյանն ասաց, որ իրենց միսիան ավարտված կարելի է համարել: Նա շեշտեց, որ ոչ միայն գիրք նվիրեցին, այլև նվեր ստացան: Հույս հայտնեց, որ այսօրվա ակցիայով կաջակցեն հայ ժամանակակից գրողներին, բայց հորդորեց նաև անպայման կարդալ արտասահմանյան գրականություն։

