Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է, նա չի թաքցնում, որ ուզում է մեզ ոչնչացնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Դիմելով ընտրողներին՝ Բաբայանն ընդգծեց, որ հանրապետության առջեւ լուրջ մարտահրավերներ կան՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում։ «Հակառակորդը չի փոխել մոտեցումները, չի վերանայել իր տեսլականը Ղարաբաղի հարցում։ Նրանց նպատակներն ակնհայտ են։ Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է, նա չի թաքցնում, որ ուզում է ոչնչացնել մեզ»,- նշեց նա։
«Կան նաեւ ներքին խնդիրներ։ Առաջին հերթին, տեղի են ունենում անհանգստացնող գործընթացներ՝ ավանդական արժեքների ցնցման տեսակետից։ Հայրենասեր քաղաքացիները այլընտրանք չունեն, բացի պետության կառուցմանը մասնակցելուց։ Մենք չենք կարող նավթի պաշարներով հավասարվել Ադրբեջանին, սակայն մենք կարող ենք փոխհատուցել դա հզոր բարոյական համակարգով եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- ասաց Բաբայանը։
Բաբայանը նաև ընդգծեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իրենք կշարունակեն պայքարը եւ աշխատանքը։

