Ի դեպ. Սահմանադրական փոփոխությունների մասին
ADTVԻ դեպ, ամենայն հավանականությանբ հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն առաջիկայում կլինի սահմանադրական բարեփախումների գործընթացը։ Վարչապետի հանձնարարությամբ արդեն մեկնարկել է մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումը։ Հանձնաժողովը կունենա 15 հիմնական անդամ, այդ թվում կլինեն արդարադատության նախարարը, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, կլինեն իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանձնաժողովում մեկական ներկայացուցիչ կունենան խորհրդարանական խմբակցությունները:
Այն, որ Հայաստանը Սահմանադրական փոփոխությունների կարիք ունի, կարծես թե չի վիճարկվում։ Ակնհայտ է, որ այսօր գործող Սահմանադրությունն 2015-ին ընդունվեց շատ պարզ ու շատ կոնկրետ նպատակով՝ գործող իշխանության վերարտադրություն։ Այն ժամանակ գործող նախագահը պաշտոնապես հայտարարեց, թե չի առաջադրվելու նախագահի պաշտոնին, չի հավակնելու վարչապետի պաշտոնին եւ ընդհանրապես, վստահ էր անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում ընդհանրապես չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին, այդուամենայնիվ հավակնեց ու թե ինչ եղավ հետո՝ ինչպես ասում են, «շատ հուզիչ էր»։ Բայց հարցը միայն այն ժամանակ կատարված սահմանադրական փոփոխությունների նպատակը չէ։ Այդ փոփոխություններով պետք է, որ ստանայինք կառավարման խորհրդարանական համակարգ, ստացանք սուպերվարչապետական, պիտի ստանայինք ընտրությունների համամասնական ընտրակարգ, ստացանք քողարկված մեծամասնական եւ այլն։ Գործող Սահմանադրական կարգավորումների մեջ բազմաթիվ բացթողումներ ու թերություններ կան, որոնց մասին ժամանակին խոսել են ու առաջիկայում ավելի անկաշկանդ կխոսեն Սահմանադրական իրավունքի մասնագետները ։
Հիմա ինչպիսի Սահմանադրություն է ուզում ստանալ գործընթացը նախաձեռնողը, ինչքանով այս սահմանադրական փոփոխությունները ծավալուն կլինեն,արդյոք այդ փոփոխությունները կենթադրեն նաեւ հրաժարում կառավարման խորհրդարանական համակարգից ու վերադարձ կիսանախագահականին, այս պահին դժվար է ասել։Սրանք առաջիկայում քննարկումների ու բանավեճերի թեմա կդառնան։ Հիշեցնեմ, խորհրդարանական համակարգի հիմնական ջատագովներն 2015-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էին, ՀԱԿ-ը՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ճիշտ է համարում կիսանախագահականը, ՔՊ-ի համար այն կեղծ օրակարգ էր։ Կա նաեւ Սահմանադրության լեգիտիմության հարցը։ Շատ կարեւոր է, որ Սահմանադրությունն իսկապես ընդունվի ժողովրդի քվեով ու լեգիտիմության հետ կապված կասկածներ չլինեն։