Չէր կարելի և չի կարելի նման մասշտաբի և կարևորության նախկին պաշտոնյաներին տեսադաշտից դուրս թողնել. Հայկ Մարտիրոսյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Քաղաքական
ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
-Վերջին մի քանի օրերի ընթացքում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը, որը, ըստ նախնական վարկածի, որակվում է որպես ինքնասպանություն: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես դժվարանում եմ հավատալ ինքնասպանության վարկածին: Ու քանի որ արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ կարճ կձևակերպեմ: Չէր կարելի և չի կարելի նման մասշտաբի և կարևորության նախկին պաշտոնյաներին տեսադաշտից դուրս թողնել: Դա ուղղակի անթույլատրելի թողտվություն է: Կուտոյանի մահվամբ՝ անցյալի որոշ մութ հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու մեր առհավետ կորսված շանսերի ծավալն այլևս մենք երբեք կարող է չգիտակցենք:
-Շուրջ չորս ամիս առաջ իր բնակարանում մահացած գտան նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Հիմնվելով Կուտոյանի և Հարությունյանի մահվան դեպքերի միջև առկա մի շարք նմանությունների վրա՝ նախկին ուժային կառույցների ղեկավարներ, դատարկ ալկոհոլային խմիչքի շշեր, դեպքի վայրը՝ սեփական բնակարաններ, նախնական վարկածը՝ անվանական հրազենով ինքնասպանություն և հարուցված քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով ի՞նչ եզրահանգում կարելի է անել:
-Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան էլ մահացավ մի բնակարանում, որտեղ խմիչք կար, ասում են՝ նարդի, գազի արտահոսք և այլն: Վրաստանում այսօր էլ քչերն են հավատում, որ դա թունավորում էր: Այսպիսի կարևորության դեմքերի վաղաժամ մահերը միշտ էլ բազում հարցեր են առաջ բերելու: Պետության, հատկապես՝ իրեն հեղափոխական երեւակայող իշխանության կարևորագույն պարտավորությունն է նման մարդկանցից քաղել ողջ տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են, զուգահեռաբար երկրում հաստատելով այնպիսի ապահով և անվտանգության առումով վերահսկվող մթնոլորտ, որ նման դեպքերում անգամ սպանության կասկած չառաջանա քաղաքացիների մոտ: Եվ ևս մի հարց: Ինչո՞ւ պետք է նախկին ռեժիմի մի քանի հարյուր պաշտոնյաներ պահպանեն իրենց «նվիրաբերված» կամ անվանական զենքերը, եթե անգամ դրանք լիովին «օրինական» են: Զենք կրելը Հայաստանում արտոնություն է և ոչ իրավունք: Ինչո՞ւպետք է նախկին ռեժիմի կարևորագույն կամ ամենասկանդալային մի շարք դեմքեր այդպիսի արտոնություններ պահպանեն հետհեղափոխական երկրում, իսկ հեղափոխություն արած ժողովուրդը զենք ունենալու համար քրեական հետապնդման ենթարկվի: Ես ընդհանրապես դեմ եմ մարտական զենքի կրմանն ու ունենալուն, բայց եթե օրենք կա՝ ապա հետհեղափոխական երկրում այն պետք է բոլորի համար լինի: Կա՛մ բոլորը զենք չպետք է ունենան, կա՛մ բոլորը պետք է ունենան:
-Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը արդեն երրորդն է ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում: Սա կարո՞ղ է դիտարկվել որպես սպառնալիք՝ ուղղված երկրի ներքին անվտանգությանը:
-Ի՞նչ սպառնալիք: Սպառնալիք է մի բան, որ դեռևս միայն սպառնում է: Հայաստանի ներքին անվտանգությունն, իմ կարծիքով, արդեն խաթարված է: Այն իրավիճակը, որ կա այսօր երկրում արդյոք այդ խաթարման վկայությունը չէ՞: Ես կարծում եմ, որ հիմա մենք որպես հասարակություն՝ այլևս մասնատված ենք, շատ ավելի թույլ և շատ ավելի խոցելի: Մեզ թույլ չի տալիս սուզվել միայն մեր ազգային իմաստնությունը: Բայց իմաստնությունն այդ, ցավոք սրտի, քնի շատ երկար փուլեր ունի և հիմա մենք նոր քուն ենք մտել:
Իզաբելա Սուլթանյան