Ընտանիքները հանգիստ թողեք, լրագրողներից էլ հեռու խաղացեք
Վազող տող
Ատելության խոսքի, ֆեյքնյուզի դեմ պայքարը երեկվանից նոր փուլ է թեւակոխել:
Ինչի՞ց սկսվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում երեկ մի անանուն հոդված է տպագրվել, որ փոթորկել է հայ հասարակական-քաղաքական կյանքի անդորրը։ Հոդվածում նշվում է, թե Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Հոդվածում կոնկրետ կայքերի անուններ չեն նշվում, բացառությամբ դրանցից մեկի՝ քաղաքագետ.օռգ-ի, սակայն այս քարոզչական սխեմայի իրագործման նկարագրության համար բազմաթիվ անձանց անուններ են նշվում։ Օրինակ նշվում է, թե կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը»՝ կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար։ Ասվում է, թե այս ողջ գործընթացը համակարգել եւ շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ` նրա PR մենեջերը, որ ԱԱԾ էր տեղափոխվել ԱԻՆ-ից: Իսկ քարոզչական սխեմայի գաղափարախոս որպես նշվում է Արա Սաղաթելյանը, ով Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1 պրոպագանդիստն է եղել եւ այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ:
Արձագանքները չուշացան
Հոդվածի հրապարակումից հետո այն սկսեցին լայնորեն տարածել ՔՊ անդամները հոդվածի վերջում նշվող «Միշիկ ունեմ» արտահայատությամբ։ Իսկ հոդվածում նշված անձինք սկսեցին մեկնաբանություններ տալ։ Վստրեչի Ապերը հայտարարություն տարածեց, թե քաղաքականությունը չի մտնում իր հետաքրքրությունների շրջանակներում։ Օնլյան տիրույթում հիմնական «հրաձգությունը», սակայն, ծավալվեց Մարիամ Փաշինյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջեւ։ Նախ, Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե Վանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրել էին ընկերանալ եւ ցավալի է, որ Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել իրենց ընտանիքի դեմ։ ԱԱԾ նախկին պետը Մարիամին պատասխանեց ինսթագրամի իր էջում՝ նշելով, որ կայքում հրապարակված կեղծիքն անպատասխան չի մնալու, «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները: Որպես հետգրություն էլ ավելացրել էր. «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»: Այնուհետեւ Փաշինյանի դուստրը երկրորդ գրառումն է անում՝ ԱԱԾ նախկին պետին պատասխանելով ֆեյսբուքյան իր էջում։ Ի դեպ, բազմաթիվ մարդիկ տարակուսած էին այն հանգամանքից, որ Վանեցյանը գրառում է անում ինսթագրամում, իսկ Մարիամը պատասխանում է ֆեյսբուքում, թեեւ սա այս պատմության ամենափոքր «նյուանսն» է։ Մարիամի երկրորդ գրառումը ավելի խնդրահարույց էր եւ մեկ անգամ եւս ապացուցում է, որ իսկապես երեխաները, ընտանիքը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Անհարկի ակտիվությունն այս դեպքում միայն վնաս է, իսկ նորահայտ քաղաքագետի, վերլուծաբանի, փորձագետի ձիրքը եւ անպայման խոսելու ցանկությունը պետք է զսպել՝ ի շահ սրբություն սրբոց ընտանիքի։ Ի՞նչպես մեկնաբանել «Արթուր ջան» դիմելաձևը, միթե հայկական, ավանդական, հասարակ ընտանիքում մեծացած Մարիամին չեն ասել, որ հոր տարիքի մարդկանց հետ անունով չեն խոսում, այն էլ հրապարակային դաշտում, անգամ կապ չունի, թե նեղ, անձնական մտերմությունը ինչքան ջերմ եւ անկեղծ է եղել։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ անձը նաեւ ոչ վաղ անցյալում ԱԱԾ տնօրեն է եղել, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կոչումով գեներալ։ Օրինակ՝ ինչպես կընդուներ Մարիամը, եթե Վանեցյանի որդիները գրառումներ անեին «Նիկոլ ջան» դիմելաձևով. անգամ մտածելն է աբսուրդի ժանրից։ Եթե անտեսենք այս գրառման մյուս մտքերը՝ դիտարկելով դրանք Մարիամի մյուս ստատուսների ֆոնին, ապա հաջորդ խնդրահարույց պնդումը, որի կողքով անտարբեր չենք կարող անցնել, հետեւյալն է. «ինչո՞ւ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր»։ Նախ, հայտարարությունը, թե վարչապետի ընտանիքի մասին բացառապես ստեր են տարածվել, այդքան էլ իրականությանը մոտ չէ։ Փաստացի, բազմաթիվ հրապարակումներ հաստատվել են, օրինակ՝ մեքենա գնելու, վարսավիրին աշխատանքի ընդունելու, ուղեւորությունների մեկնելու, իմիջի վրա ծախսված գումարների մասին եւ այլն։ Այլ հարց է, որ երբեմն իրականությունը խիտ գույներով է ներկայացվել, ինչ-որ բաներ չափազանցվել են, ամենայն հավանականությամբ նաև՝ քաղաքական շարժառիթներով, սակայն փաստացի դրանք սուտ անվանելը սխալ կլիներ։ Երկրորդ, ովքեր, ինչպես են կազմակերպել այս հրապարակումները, սա հարցի մյուս կողմն է եւ առայժմ որեւէ ապացույց չկա, որ այդ ամենը կազմակերպվել է ՀԺ-ի հրապարակման մեջ նկարագրված սխեմայով։ Իհարկե, տեսականորեն չի բացառվում հոդվածում նշված սխեման, սակայն հրապարակված որևէ փաստական ապացույցի բացակայության պայմաններում և հարգելով անմեղության կանխավարկածը՝ Մարիամը չպետք է հաստատապես պնդեր մեղադրանքը, իր բառերով ասած. «թե ինչու եք ստեր տարածում ... ընտանիքի մասին»։ Եւ երրորդ, ինչպես հասկանալ «մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր» արտահայտությունը։ Եվ չափազանց հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է այդ վերաբերմունքը «վարչապետին ենթակա մարմնի ղեկավարների ընտանիքներին»։ Իսկ շարքային քաղաքացիների՞ ընտանիքներին... Այս հռետորական հարցադրմամբ էլ ավարտենք այս թեման, իհարկե չմոռանալով հիշեցնել, որ այս ամենին անդրադառնալու հարկ չէր լինի, եթե 21-ամյա Մարիամն իր փխրուն ուսերի վրա չվերցներ «մեծերի խոսակցությանը խառնվելու» առաքելությունը։
Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա այստեղ եւս նրա փաստաբանները կամ հենց ինքը՝ ԱԱԾ նախկին տնօրենը լուրջ անելիք ունի՝ իր անվան վրայից մաքրելու Սերժ Սարգսյանի իշխանության գաղափարական հենասյուների հետ ունեցած կապերը, ինչն այդքան էլ հեշտ չէ։ Ծուխն առանց կրակ չի լինում, եւ եթե լրատվամիջոցը հանկարծ հրապարակի կոնկրետ փաստեր, բազմաթիվ հարցադրումներ են ի հայտ գալու։
Լրագրողներից եւ լրատվամիջոցներից հեռու խաղացեք
Թվում էր, թե հեղափոխությունից հետո լրագրողները ավելի հանգիստ, ազատ պայմաններում կաշխատեն, սակայն փաստորեն սա միայն թվում էր։ Առհասարակ՝ միշտ էլ կլինեն պաշտոնյաներ, ովքեր լրատվամիջոցներին կմեղադրեն պատվերներ կատարելու, ինչ-որ անձանց շահերը սպասարկելու մեջ։ Գուցե այդ ամենի մեջ ճշմարտության հատիկ էլ կա, քիչ չեն այն լրատվամիջոցները, որոնք ստեղծվել են կոնկրետ խմբի կամ գործիճների շահերը սպասարկելու համար։ Այս ամենը պետք է հաշվի առնեն իշխանությունները, թույլ չտան այնպիսի սխալներ, որոնք կարող են լինել շահարկումների առիթ։ Ի՞նչ պետք է անի լրագրողը կամ լրատվամիջոցը, եթե նրա ձեռքի տակ սկանդալային փաստեր, տեղեկություններ են հայտնվել. վախենա՞ պիտակավորումներից, չգրի՞՝ մտածելով, թե իրեն կհամարեն կաշառված։ Իհարկե, շատ հնարավոր է, որ այդ տեղեկությունը փոխանցողը ոչ այնքան մտահոգ է հանրության տեղեկացված լինելու իրավունքով, այլ կոնկրետ ցանկանում է ինչ-որ անձանց վնասել։ Այս դեպքում մի բան կարող է անել լրագրողը՝ փորձել առավելագույնը ճշտել տեղեկությունը իրավասու անձանցից, թերահավատորեն վերաբերվել ամեն ինֆորմացիայի, տուրք չտալ կոնկրետ անձի կամ խմբի կողմից կոնկրետ անձանց թիրախավորող արտահոսքերին, որոնք հաստատապես ոչ մաքուր նպատակներ են հետապնդում։ Լրագրողի նշաձողը մեկն է՝ տեղեկությունը ճիշտ լինի, եւ այդ ճիշտ տեղեկությունը հրապարակելու համար լրագրողներին մեղադրելը, նրանց հանդեպ ոտնձգություն կատարելը, անձնական կյանք ներխուժելը, հաքերային հարձակումներ կազմակերպելը չի բխում խոսքի ազատության էությունից, խոչընդոտում է լրատվամիջոցների ազատությունը, լրագրողի մասնագիտական գործունեությունը, ինչը, ի դեպ, քրեորեն պատժելի արարք է։ Երեկվանից արդեն pollitik.am-ի եւ antifake.am-ի խմբագիրները հայտարարել են, որ ինչ-որ անձինք փորձել են կոտրել իրենց ֆեյսբուքյան էջերը։
Մի արեք նման բաներ...