Ստորագրությունից մի հրաժարվեք, ձեր թաթիկները չեն կտրելու
Խմբագրական
Երեկվանից համացանցային թոփ քննարկումների թեմա է Հայաստանի եւ ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչների հայտարարությունը, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Հայտարարության տարածումից հետո սկսվեց այն ստորագրած անձանց փնտրտուքը։ Ցանկում կային թե հայտնի անուններ, թե անհայտ անձինք, որոնք երեկվանից արդեն դարձան այնքան հայտնի, ինչքան Աշուղ Ոսկեհուրը։
АrmDaily.am-ը եւս զանգահարեց հայտարարությանը միացած հայտնի գործիչներին, պարզվեց՝ նրանցից շատերը չեն միացել այդ հայտարարությանը, տեղյակ էլ չեն եղել՝ ինչի մասին է խոսքը։ Հանուն արդարության պետք է նշել, որ այնպես էլ չէ, թե այդ մարդկանց անունները լրիվ պատահական են հայտնվել ցանկում։ Ինչպես նրանցից շատերն են պատմել, երկրորդ նախագահի գրասենյակից իրենց զանգել են, հարցրել՝ կողմ են, որ Քոչարյանը ազատ արձակվի, կամ այդ անձինք չեն ֆիքսել զրույցը, կամ լսափողի մյուս կողմում գտնվողները հստակ չեն բացատրել՝ ինչի մասին է խոսքը, արդյունքում այդ հայտարարության տակ անուններ են հայտնվել։
Բնականաբար, երկրորդ նախագահի աջակիցները խնդիր ունեին ավելի շատ եւ հայտնի մարդու անուն ներկայացնելու, չի բացառվում, որ շատերի անունները պարզապես գրել են՝ հաշվի առնելով ընկերություն, մտերմություն, տարիների հարաբերություններ կամ նախկինում մատուցած ծառայություններ։ Ինչու հենց շոու բիզնեսի ներկայացուցչների ստորագրությունը սկսեցին հավաքել քոչարյանականները, հնարավոր է, որ այս հարցում օգտագործել են հարսի՝ Սիրուշոյի եւ նրա ծնողների կապերը։ Ուշագրավ է, որ հայտարարությանը միացել էր Սիրուշոյի մայրը՝ Սյուզան Մարգարյանը, բաց ոչ նրա ամուսինը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը։
Այս ցանկում կան նաեւ լրագրողների անուններ։ Առհասարակ՝ մշտական հարց է՝ լրագրողը, մշակութային գործիչը, արվետագետը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ, թե ոչ, կոչերով, հայտարարություններով հանդես գա եւ այլն։ Լրագրողների դեպքում պատասխանը հստակ է՝ ոչ, քանի որ դա կասկածի տակ է դնում նրա մասնագիտական անաչառությունը եւ օբյեկտիվությունը։ Արեւմտյան լրատվամիջոցներում, որտեղ էթիկայի խիսը կանոններ են գործում․ անգամ սոցիալական ցանցում որեւէ պաշտոնյա, քաղաքական գործչի օգտին ասված խոսքը կամ գրված մեկնաբանությունը կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ։ Մշակութային գործիչների դեպքում բարդ է միանշանակ պատասխան գտնել։ Մենք՝ լրագրողներս, հաճախ երբ ներքաղաքական հարցեր ենք հղում հանրային դեմքերին եւ նրանք չեն պատասխանում՝ պատճառաբանելով, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, վատ ենք ընդունում դա՝ մտածելով, որ վախենում են իրենց խոսքը ասել, չեն ցանկանում խնդիրների մեջ ընկնել եւ այլն։ Հանրությունը, այդ թվում՝ լրագրողները, այդ հանրային դեմքերից հաճախ ակնկալում են կարեւոր խոսք, գնահատական, երբեմն սթափեցնող կոչ, մտահոգություն, հանրությանը ուղղված մեսիջ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, երկրի ներկայի եւ ապագայի հարցով մտահոգ անձինք, մտավորականներ։
Սակայն երբ այս գործիչների քայլերը պայմանավորված են ոչ թե համոզմունքով, այլ շահերով, սա արդեն անընդունելի է։
Նույնքան անընդունելի է, որ այդ հայտարարությանը քաջատեղյակ եւ իսկապես դրա տակ ստորագրած անձինք հանրության արձագանքից խւսափելու համար հայտարարում են, թե տեղյակ չեն՝ ինչի են միացել։ Հնարավոր է այս ցանկում իսկապես լինեն մարդիկ, ովքեր հավատում են, որ Քոչարյանը որեւէ հանցանք չի գործել, ցանկանում են նրան օր առաջ տեսնել ազատության մեջ, եւ առավել գնահատելի է, որ այդ մասին հայտարարեն բացեիբաց՝ առանց վախենալու հանրության արձագանքից։
Ի դեպ, այսօր նաեւ քննարկվում է, որ հայտարարությանը միացած Ավետ Բարսեղյանը պետությունից Նոր տարվա գլխավոր երգի բառերը գրելու պատվեր է ստացել։
Իշխանության համակիրները հպարտանում են այս ցնցող ժողովրդավարական դիպվածով եւ առաջարկում հիշել ոչ վաղ անցյալը, որտեղ իսկապես իշխանությանը քննադատողը պետությունից գումար երբեք չէր ստանա։ Սակայն, այստեղ էլ ուրախանալու շատ բան չկա, նախ հարց է առաջանում՝ Ավետ Բարսեղյանը այդ գումարը կստանար, եթե արդեն իսկ հրապարակված լիներ հայտարարությունը, երկրորդ՝ արդյոք նոր իշխանություններն էլ ուրիշ հերոսի անուն չգիտեն եւ երրորդ՝ նրա գրած երգերի վերաբերյալ այդքան էլ միանշանակ լավ կարծիք չկա, հետեւաբար՝ ժողովրդավարությամբ հպարտացող իշխանությունը առնվազն գեղագիտական ճաշակի խնդիր ունի, ինչպես նախկինները։
Մյուս կողմից էլ, դիցուք Ավետ Բարսեղյանը միակ եւ ցնցող հեղինակն է, ով կարող է երգերի բառեր գրել, Քոչարյանի ազատությունը պահանջելու համար նա պետք է պետությունից պատվեր չստանա՞։ Ի դեպ, ստորագարությանը միացած անձանց ազատ, անկաշկանդ ստեղծագործելու պայմաններով հպարտանալն էլ առնվազն մանկամտություն է եւ մի պահ տպավորություն է ստեղծում, թե, օրինակ, իշխանությունները այդ քայլի համար կարող էին նրանց թաթիկները կտրել, պատերին ծեփել, ասֆալտին փռել, բայց մեծահոգաբար խնայեցին։