Ի դեպ. Գաղտնալսումների մասին
Ի դեպ
Ի դեպ, հանրային շրջանակներում մեծ հետաքրքրություն ու դժգոհություն է առաջացրել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում։ Մինչ այս գաղտնալսելու իրավունք եւ հնարավորություն ուներ միայն Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ոստիկանությունն այդ հնարավորությունը ստանում էր միայն Ազգային անվտանգության ծառայությանը դիմելուց հետո։
Ի դեպ, հիշեցնեմ, որ ոստիկանությունը գաղտնալսելու իրավունք ունեցել է մինչեւ 2008-ի մարտյան դեպքերը։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է, եթե մարտյան դեպքերի ժամանակ ոստիկանությունն էլ ունենար գաղտնալսելու հնարավորություն, ապա ԱԱԾ կողմից փաստաթղթային կեղծումները անհնար կլինեին։ Ամեն դեպքում, նախագիծն առաջացրել է հանրային շրջանակների դժգոհությունը՝ ԱԱԾ-ն քիչ էր, հիմա էլ ոստիկանությունը պիտի գաղտնալսի ու ըստ էության ներթափանցի մարդու անձնական կյանքի ոլորտ, իմանա, թե ով, երբ, ուր գնաց, ում հետ ինչ խոսեց, որտեղ գիշերեց, ինչ արեց եւ այլն։
Այս թեմայով բավական դիպուկ գրառում էր արել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. Ասում է. «Այո, ես վատ քաղաքացի եմ, չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ուստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի և իմ անձնական արատավոր կյանքի մանրամասները պարզի: Իմ արատավոր մասնավոր կյանքը ի՛մ անձնական կյանքն է»: Մյուս կողմից, սակայն ինչ տարբերություն, մեզ միայն ԱԱԾ-ն է գաղտնալսում, թե ոստիկանությունը, կամ՝ երկուսը միասին։ Ժամանակակից աշխարհում մեզ ամեն քայլափոխի հետեւում են ոչ միայն գաղտնալսող սարքերը, այլեւ ոստիկանության եւ նույնիսկ խանութների տեսախցիկները։ Չմոռանանք նաեւ, որ մենք ինքներս ենք մեր մասին ամեն ինչ փոխանցում հետաքրքրասեր մարմիններին՝ սոցիալական ցանցերով։Մնում է միայն մեր նջջասենյակներում էլ տեսախցիկներ տեղադրվեն ու պատկան մարմիններն ամեն ինչ կիմանան, ընդհուպ, թե ինչքան է Հայաստանում գիշերամիզողների ճշգրիտ թիվը։ Այսքանից հետո թերեւս անիմաստ է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանության մասին խոսելը։ Էլ չենք խոսում այն ռիսկերի մասին, որոնք կառաջանան անձնական կյանքի գաղտիքների մասին տեղեկությունները ոստիկանությանը հասու դարձնելուց հետո։Առավել եւս, որ գործող օրենքը չունի այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտա մարդուն կանխել իր իրավունքների հնարավոր խախտումները կամ այդ խախտումների դեպքում բողոք ներկայացնել: Այնպես, որ զգույշ եղեք, «կարող է պատահի՝ մեզ հետեւում են»։