Ի դեպ. Մեհրիբան Ալիեւային Արցախ հրավիրելու մասին
ADTVԻ դեպ, մինչ հանրային- քաղաքական շրջանակների ուշադրությունը սեւեռված է ներհայաստանյան օրակարգի ամենաթրենդային թեմայի վրա՝ շեյխեր, թագաժառանգներ, չկատարված ներդրումներ ու այս թեմայով խորհրդարանական Իմ քայլը եւ ԲՀԿ խմբակցությունների «փոխհրաձգություն», բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ղարաբաղյան «ճակատում»։ Բոլորը սպասում են Բրատիսլավայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ու դրա արդյունքում հրապարակվելիք հայտարարությանը, իսկ Երեւանում «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովի ընթացքում բավական համարձակ հայտարարությամբ է հանդես գալիս Հայաստանի վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանը հայտարերց, թե Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ։
Հիշեցնեմ, ավելի վաղ Ադրբեջանի առաջին տիկինը հայտարարել էր, թե իրենց երազանքն է մուղամ լսել Ղարաբաղում։
Եւ ահա Աննա Հակոբյանը, ժամանակակից լեզվով ասած, ընդունում է մարտահրավերն ու հակադարձում, թե արցախցիները գիտեն հյուր ընդունել և կարող են պատվել նաև նրա նախընտրած երաժշտությամբ, եթե Ալիևան պատրաստ է լինել Արցախում որպես հյուր, որպես հարեւան։ Եթե Մեհրիբան Ալիևան «երազում» է Արցախում մուղամ լսել պատերազմի ճանապարհով, պատերազմի արդյուքում, ապա նա մոլորության մեջ է, և որ այդ ճանապարհով կավելանան այն բնակավայրերի թիվը, որտեղ մուղամ լսելը կմնա որպես անկատար երազանք։ Սա իսկապես լուրջ մարտահրավեր է ադրբեջանի առաջին տիկնոջ, երկրի թիվ մեկ դեմք դառնալուց «հինգ պակաս» Ալիեւայի համար։ Հրավերն ընդունելը, որ վստահաբար դրական կընկալվի նաեւ հակամարտության կարգավորման միջնորդների կողմից, փաստացի կնշանակի տեղավորվել խաղաղության լեզվով ու խաղաղության մասին խոսելու՝ Հայաստանյան օրակարգի մեջ, համակերպվելով Ադրբեջանում հանրային բացասական, սպասելի տրամադրությունների բորբոքմանը։ Հրավերն ընդունելը կնշանակի նաեւ ինչ որ առումով հրաժարում ամուսնու կողմից տարիներ ի վեր գործածվող, ինչպես ընդունված է ասել՝ ռազմատենչ հռետորաբանությունից անցում կատարելով խաղաղության լեզվին։ Չափազանց հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Ալիեւայի արձագանքն ու որոշումը։ Քաղաքական հաշվարկներն ու համարձակությունը կներե՞ն նրան վեր կենալ ու գնալ Արցախ, թե կնախընտրի շարունակել ամուսնու հռետորաբանությունը։ Նախընթաց հայտարարություններն հուշում են, որ ավելի հավանական է երկրորդ տարբերակը։Նա Արցախում ասելիք չունի։Բայց ժամանակից առաջ չընկնենք։ Սպասենք Ալիեւայի արձագանքին, որ ամենայն հավանականության չի ուշանա։