Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևեն մանկավարժները
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում մենք անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ ներկայացնում ենք կանոններ, որոնց պետք է հետևեն մանկավարժները։
Մանկավարժական էթիկան մանկավարժի վարքագծի նորմերի և կանոնների ամբողջություն է, որին պետք է հետևեն մանկավարժները։
Առաջին կանոն. Այսօր հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի։ Այն մարդկանց կյանքը հեշտացնում է, երբեմն էլ՝ բարդեցնում։ Որքան էլ որ մարդիկ ազատ են սոցցանցերի իրենց էջերում նկարներ և գրառումներ անելիս, այնուամենայնիվ կան սահմաններ, որոնք անցնել չեն կարող մանկավարժները։ Ոչ նորմատիվ լեքսիկոնով գրառումներ, լողազգեստով նկարներ, սրանք բաներ են որ իրենց չպիտի թույլ տան մանկավարժները՝ անկախ նրանից, թե որտեղ, ինչպիսի հասարակությունում են ապրում։ Ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին, անգամ նկարներում։ Կան երկրներ, որտեղ մանկավարժի նման պահվածքը պատժվում է օրենքով։
Երկրորդ կանոն. Ուսուցիչը, իմանալով իր աշակերտի մասնավոր կյանքի մասին ցանկացած տեղեկատվություն(ընտանիք, առողջական տվյալներ) պարտավոր է գաղտնի պահել այն։
Երրորդ կանոն. Ուսուցիչը պետք է մեկնաբանի իր նշանակած գնահատականները։ Թյուր է այն կարծիքը, եթե նշանակել է ՝ ուրեմն այն քննարկման ենթակա չէ։ Եթե աշակերտի հետ քննարկելուց հետո ուսուցիչը այնուամենայնիվ համոզվում է, որ սխալ է գնահատել, պետք է անմիջապես ուղղի։
Չորրորդ կանոն. Ուսուցիչների ճիշտ վարվելակերպի անբաժան մասն է կազմում ճիշտ ընտրված խոսքը, ձայնի տոնը, բառապաշարը։ Բարձր ձայնը, հեգնական տոնը, կոպիտ բառապաշարը ոչ մի դեպքում թույլատրելի չեն մանկավարժի համար։