Էթիկետ. Ճիշտ զրույցի կանոնները
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում մենք անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ ներկայացնում ենք կանոններ, որոնց պետք է հետևել զրույցի ընթացքում։
Առաջին կանոն. Պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք առավել մոտ են զրուցակցին և հետաքրքիր են նրան: Անքաղաքավարի է խոսել այնպիսի թեմաներից, որոնք անծանոթ են մյուս զրուցակիցներին: Եթե զրուցակիցը ստիպված է ամեն խոսքից հետո ընդհատել և խնդրել կրկնել որևէ բառ, ապա շատ շուտ նա կարող է հոգնել այդ խոսակցությունից:
Երկրորդ կանոն. Սեղանի շուրջ նստած ժամանակ քաղաքավարի չէ խոսել կողքի նստած մարդու ականջին։ Խոսել պետք է ոչ միայն ձեր զրուցընկերոջ, այլ նաև մոտ սեղանակիցների հետ: Ցանկացած խոսակցություն պետք է վարել այնպես, որ ուտելու ընթացքը չխանգարվի: Սեղանի շուրջ զրուցել կարելի է հանգիստ որևէ բանի մասին, չպետք է քննարկել սուր թեմաներ, նախընտրելի են թեթև զրույցները:
Երրորդ կանոն. Եթե խոսակցության ժամանակ հոգնել եք կամ ձանձրացել, մի շեղվեք հեռախոսի, ժամացույցի, գրառումների գրքույկի վրա: Դա կարող է ընկալվել՝ որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի հանդեպ:
Չորրորդ կանոն.Երբ ամուսինն ու կինը հրապարակայնորեն միմյանց դիմում են փաղաքշական արտահայտություններով, դա դիտվում է որպես գռեհկության նշան: Զերծ մնացեք հրապակայնորեն քնքշանք արտահայտող խոսակցություններից։
Հինգերորդ կանոն. Եթե դուք հարկադրված եք ընդհատել մարդու խոսքը, նախ թույլ տվեք զրուցակցին ավարտել խոսքը, ապա բացատրեք թե ինչ հրատապ խնդիր է ծագել։ Երբեք առանց պատճառն ասելու, կտրուկ մի ավարտեք խոսակցությունը։