Շատ եմ խաղացել ֆուտբոլ մեր բակի տղաների հետ ընդդեմ հարևան բակի տղաների թիմի. բլից հարցազրույց դատավոր Ռուզաննա Հակոբյանի հետ
Վազող տող
ArmDaily.am -ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը։
Մանկական խաղեր՝ տուն-տունիկ, ցատկապարան, բժիշկ-բժիշկ...։
- Հիմնականում սիրել եմ խաղալ տղաների խաղեր: Շատ եմ խաղացել ֆուտբոլ մեր բակի տղաների հետ ընդդեմ հարևան բակի տղաների թիմի:
Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր, ինչու։
-Երբ դպրոցն ավարտելիս ինձ հարցրեցին, թե ինչու եմ ուզում ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, ես պատասխանեցի. քանի որ ցանկանում եմ դատավոր դառնալ: Այն ժամանակ ինձ չհարցրեցին, թե ինչու եմ ցանկանում դատավոր դառնալ, ինչի պատճառով ես շատ էի տխրել, թեև հիմա չեմ հիշում, թե ինչ պատասխան էի տալու: Ինձ համար ամենակարևորն աշխարհում արդարությունն է և ես դատավոր եմ դարձել մարդկանց արդարություն տալու համար:
Ծնողական խրատ։
-Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ նրանք վերաբերվեն քեզ:
Դպրոցում արտասվե՞լ եք գնահատականի համար։
-Երբեք: Ես միշտ մտածել եմ, որ ստանում եմ այն գնահատականը, ինչին արժանի եմ: Բայց հիշում եմ, որ ցածր դասարանում արտասվելով տուն եմ վազել, երբ իմ նկարը չեմ գտել գերազանցիկների տախտակի վրա, թեև իմ նկարը նույնպես ուզել էին այնտեղ փակցնելու համար: Արդյունքում մայրս դպրոց գնաց և արդարությունը վերականգնվեց:
Երկրպագուներ...
-Կլռեմ:
Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար։
-Եթե դա խենթ քայլ է, ապա երիտասարդ ժամանակ, մինչ ամուսնանալը, ամուսինս ինձ գրկել ու անց է կացրել ջրափոսի միջով բազմաթիվ մարդկանց աչքի առաջ հենց քաղաքի կենտրոնում: Հիմա չեմ հավատում, որ մենք դա արել ենք:
Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը։
-Հատուկ թուլություն չունեմ ինչ-որ բանի նկատմամբ: Օծանելիքը, զարդերը և այլն այնքան, որքան անհրաժեշտ են:
Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ։
-Հաստատ չեմ մոռանում վաղվա օրվա մասին և երբեք չեմ ծախսում վերջին գումարս:
Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաեւ տոնավաճառներից։
-Ինձ համար կարևոր չէ՝ բրենդ է, թե՝ ոչ, կարևորը, որ ապրանքն ինձ դուր գա:
Սիրելի ուտեստ։
-Տոլմա:
Տղամարդու ձեր իդեալը։
-Ազնիվ, նվիրված, հավատարիմ:
Խոհանոցում քանի՞ ժամ եք անցկացնում, ի՞նչ եք լավ պատրաստում եւ ի՞նչ չեք կարողանում պատրաստել։
-Որպես կանոն խոհանոցում երկար ժամանակ կարողանում եմ անց կացնել միայն շաբաթ և կիրակի օրերին, քանի որ աշխատանքով խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով մյուս օրերին չափազանց հոգնած եմ տուն գնում և հաճախ նույնիսկ չեմ կարողանում պատրաստի կերակուրը տաքացնել և ուտել: Թող անհամեստություն չդիտվի, բայց իմ պատրաստած կերակուրները շատ համեղ են ստացվում: Հատկապես տոլման ինձ մոտ գերազանց է ստացվում: Չեմ կարողանում պատրաստել ղավուրմա:
Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել...։
-Տարիներ առաջ բուրդ էլ եմ ճիպոտել, գորգ էլ եմ լվացել, պահածո ու չիր էլ եմ պատրաստել, բայց հիմա ոչ: Այդ առումով կյանքը հեշտացել է, քանի որ կան բազմաթիվ ծառայություններ:
Ձեր տանը կարգավիճակները ինչպես են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Ամուսինս՝ մեղադրող, ես՝ դատավոր: Սա իհարկե հումոր է, քանի որ ամուսինս երկար տարիներ դատախազ է եղել: Մեր տանը երբեք նման կարգավիճակներ չեն եղել և մեզանից յուրաքանչյուրը միշտ հարգել ու գնահատել է մյուսի կարծիքը կամ դիրքորոշումը այս կամ այն հարցի առնչությամբ:
Սիրելի գիրքը։
-Կնշեմ իմ ամենասիրելի երկու գրքերը: Ալեքսանդր Դյումայի Կոմս Մոնտե Քրիստո և Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»:
Ֆիլմի որ հերոսուհին եք դուք։ Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դժվարանում եմ պատասխանել:
Ում ինքնաբացարկ կհայտնեիք։
-Երևի թե ոչ մեկին:
Ակամայից ստացած կաշառք։
-Սա հումո՞ր է: Նման բան չի կարող լինել:
Եթե ոսկե ձկնիկ ունենայիք։
-Կխնդրեի, որ երբեք պատերազմներ չլինեն ու չլինեն նաև որդեկորույս մայրեր: Կխնդրեի, որ արհավիրքներ չլինեն ու մարդիկ ապրեն ապահով երկրի վրա:
Ինչքան փող է ձեզ պետք...ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Վերջերս պարզեցի, որ երջանիկ լինելու համար չափազանց շաաաատ փող պետք չէ: Բանն այն է, որ երեք տարեկան թոռնիկիս հետ մտա խաղալիքների խանութ ու նրան առաջարկեցի ընտրել այնտեղ եղածներից ցանկացածը: Խանութում կային թանկ արժեքով բազմաթիվ խաղալիքներ, բայց թոռնիկս ընտրեց 1.500 դրամ արժեքով ղեկ (մեքենայի) ու հիմա նա ամենուր այդ ղեկով է գնում: Ուրիշի անունով գրանցված գույք չունեմ:
Ձեր երջանկությունը։
-Երեխաներս, թոռնիկներս, ամուսինս, մայրս, քույրերս, եղբայրս:
Բախտագուշակի այցելե՞լ եք, հավատո՞ւմ եք։
-Բախտագուշակներին չեմ հավատում: Բայց մեկ անգամ ուսանող ժամանակ համակուրսեցիներս համոզեցին և ես նրանց հետ գնացի: Բայց հենց սկզբից չէի կարողանում զսպել ծիծաղս այդ ախալայ-մախալայի արածների համար: Արդյունքում նա ինձ սենյակից դուրս արեց՝ ընկերուհիներիս մոտ արդարանալով, թե ինձ նման «անհավատի» պատճառով ինքը չի կարողանում կենտրոնանալ:
Եթե սկսեիք սկզբից, ինչ կփոխեիք...
-Թերևս ոչինչ:
Կյանքի դասեր։
-Գնահատել այն, ինչ ունես:
Բամբասանք ձեր մասին։
-Բամբասանքներին լուրջ չեմ վերաբերվում:
Ինչի՞ համար եք զղջում։
-Որ երրորդ երեխան չեմ ունեցել:
Ո՞ւմ եք սիրում։
-Երեխաներիս, թոռնիկներիս, ամուսնուս, մորս, քույրերիս, եղբորս ու նրանց երեխաներին:
Ու՞մից եք դժգոհ։
-Ոչ մեկից:
Երբ զայրանում եւ զարմանում եք...։
-Հաջորդ օրն ամեն ինչ անցնում է:
Այդքան դատում եք, հանգի՞ստ եք քնում։
-Իհարկե, քանի որ միշտ արդար եմ դատում:
Ո՞ր դեպքում հրաժարական կտաք եւ ինչո՞ւ։
-Հրաժարականի մասին երբևէ չեմ մտածել ու առիթ էլ չեմ տեսնում մտածելու:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...
-Երբ արդարությունից են խոսում այնպիսինները, ովքեր պատկերացում չունեն արդարության մասին ու իրենց սխալներն ընդունելու փոխարեն քավության նոխազներ են փնտրում:
Վախենո՞ւմ եք վեթինգից։
-Իհարկե ոչ:
Հավատո՞ւմ եք իշխանություններին։
-Հայաստանի Հանրապետությունում կա իշխանության երեք թև. օրենսդիր, գործադիր և դատական, որոնցից յուրաքանչյուրը պետք է հավատա մյուս երկուսին, իսկ ես դատական իշխանության ներկայացուցիչներից մեկն եմ:
Հոգսեր էլ ունեք։
-Ինչպես բոլորը:
Չիրականացած երազանք։
-Այդպես էլ չսովորեցի դաշնամուր նվագել:
Թուլություններ, թերություններ։
-Թուլություններս թոռնիկներս են: Որպես թերություն կարող եմ ասել, որ էմոցիոնալ եմ ու երբեմն չեմ կարողանում զսպել որոշների դեմքին իրենց մասին ճշմարտությունն ասելու ցանկությունս:
Զանգ ԲԴԽ-ից:
-Երբեք:
Խորհրդակցական սենյակում։
-Մնում եմ ինքս իմ խղճի հետ ու մտածում եմ այն մասին, որ տվյալ գործով շուտով վերականգնվելու է արդարությունը:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Երբևէ զղջացե՞լ եք դատավոր դառնալու համար:
Մեր շարի նախորդ մասնակիցը՝ Ռուզաննա Ազրոյանը Ձեզ հարցնում է, թե որն է Ձեր ամենասիրած գիրքը և ինչու։
-Ամենասիրած գրքերս արդեն նշել եմ, դրանք սիրում եմ գլխավոր հերոսների բնավորության գծերի համար։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը
Գրիգոր Առաքելյանը
Երեմ Եսոյանը
Սիմա Իսկանդարյանը
Մարինե Մելքոնյանը
Սարգիս Երիցյանը
Նարինե Հովակիմյանը
Միքայել Մելքումյանը
Ռուզաննա Ազրոյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի