ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին: Այս շաբաթ զրուցել ենք սերմնահեղուկի և տղամարդկանց անպտղության մասին:
Տղամարդկանց անպտղությունն ու սերմնահեղուկը
Անպտղության դեպքերի մինչև 50%-ը պայմանավորված է տղամարդկային գործոններով։ Տղամարդկային անպտղության դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է սերմնահեղուկի քանակական ու որակական փոփոխություներով։ Կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի պտղաբեր տղամարդու սերմնահեղուկը։ Օրինակ՝ սերմնահեղուկի ծավալը պետք է լինի 2-4 մլ, 1մլ սերմնահեղուկում սերմնաբջիջների քանակը պետք է գերազանցի 15 միլիոնը, լինի բավարար շարժուն, կենդանի, նորմալ ձևի և համապատասխանի մի շարք այլ ցուցանիշների:
Որ գործոններն են ազդում սերմնահեղուկի վրա
Սերմնահեղուկի ցուցանիշների վրա ազդում են մի շարք վտանգավոր սովորություններ, ինչպիսինք են՝ ալկոհոլի օգտագործումը, ծխելը, թմրանյութերի կիրառումը և այլն։ Շատ կարևոր է նաև մի շարք հորմոնների, վարիկոցելեյի կապակցությամբ ամորձիների սոնոգրաֆիկ հետազոտությունը, սեռավարակների կապակցությամբ թեստերի իրականացումը և այլն։ Կարևոր է նաև, թե ինչ դեղորայք է օգտագործում և ինչ ապրելակերպ է վարում տղամարդը: Ոչ առողջ սնունդը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը նույնպես սերմնահեղուկի վրա ունեն բացասական ազդեցություն:
Ինչ փոփոխություններ են եղել տարիների ընթացքում
Լայնամասշտաբ հետազոտությունները, որոնք կատարվել են 1973-2011 թվականներին Եվրոպայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Ասիայում ունեն հետևյալ պատկերը:
Սերմնահեղուկի խտությունը այս տարիներին անկում է ապրել 52.4% -ով, իսկ սերմնաբջիջների ընդհանուր թիվը մոտավորապես 59.3% -ով։
Ենթադրվում է, որ 2050 թվականին տղամարդկանց սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների արդյունքում տղամարդկանց 50%-ը կարող է երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման (ЭКО- IVF) միջոցով։

