Ինչո՞ւ է հրաժարական տվել փոխոստիկանապետը
Իրավական
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ:
ArmDaily.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վերջինիս հեռանալու մասին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Հովհաննես Քոչարյանի հրաժարականը կարող է կապված լինել ԱԺ-ում իր երեկվա ելույթի հետ, որն, ըստ ամենայնի, դուր չի եկել Փաշինյանին: Մասնավորապես, Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- ասել էր նա:
Ուշագրավ է, որ իր այս կարծիքը Հովհաննես Քոչարյանը չի թաքցրել երբեք և բազմիցս անդրադարձել է հարցազրույցներում, այդ թվում ArmDaily.am-ի եթերում: Առհասարակ այս վիճահարույց օրինագիծը բազմաթիվ քննադատությունների է արժանացել անգամ իշխանության համակիրների կողմից: Ոլորտի նախկին և ներկա մասնագետները նշում են, որ օրինագիծը վտանգավոր է: Սակայն ժողովրդավարական արժեքների մասին խոսող իշխանությունը անհանդուրժող է հակառակ կարծիքի նկատմամբ, և օրինագիծը շտկելու և փոփոխելու փոխարեն նախընտրում է հեռացնել այլախոհներին:
Դեռևս պարզ չէ, թե ով է փոխարինելու փոխոստիկանապետին: