«Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3-ի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բարձրացման համար հիմք են հանդիսացել մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։
«Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում նույնպես բարելավել է իր դիրքերը մեկ կետով՝ զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում։ Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ կողմից վարվող՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։ Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Այն ներառում է 22 ոլորտ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ։ Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը, օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տանսյակում։ Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցակցության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով՝ գնահատվելով 79-րդը։ Զեկույցը համեմատում է 140 երկրներից 90 ցուցանիշ, որոնք դասվում եմն 14 խմբերում և 4 հիմնական ոլորտներում՝ միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն և խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական և մշակութային ռեսուրսներ»,-հավելեց նախարարը։
