Ովքեր են Արագածոտնի և Սյունիքի նոր ոստիկանապետերը. նրանցից մեկը հայտնի է աղմկահարույց միջադեպերից
Իրավական
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:
Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Վահան Աղգաշյանը, իսկ Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։
Նշենք, որ Վահան Աղգաշյանը նախկինում զբաղեցրել է Երևանի կենտրոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2018թ-ի հունիսին Վալերիյ Օսիպյանի հարմանով նշանակվել է Արարատի բաժնի պետ։
Գեւորգ Ազիզյանը ժամանակին Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով:
Ազիզյանի մասնակցությամբ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2016թ. մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Միջադեպից կարճ ժամանակ անց՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, սակայն հուլիսի 15–ին նա կրկին վերականգնվել էր նախկին պաշտոնին։