Քիչ առաջ Irakanum.am-ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանը ազատվել է աշխատանքից։ Ըստ կայքի՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:
Կարճ ժամանակ անց վարչապետ Փաշինյանը տարածված լուրերը անվանեց անհեթեթ։ Տոնոյանի ազատման մասին որոշման լուրը հերքեցին նաեւ նախագահականից։
Սակայն, հերքումները այդքան էլ հավատ չեն ներշնչում՝ աչքի առաջ ունենալով վերջին դեպքերը։
Մասնավորապես, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի լուրը եւս հերքել էին կառավարությունից, նույնը Օսիպյանի հրաժարականի մասին, սակայն, երկու դեպքում էլ տեղեկությունները հաստատվեցին։ Այնպես որ չի բացառվում վաղը-մյուս օրը հաստատվեն նաեւ Տոնոյանի հրաժարականի մասին լուրերը, պատճառաբանությունն էլ լինի պրիմիտիվ՝այդ ժամանակ չկար նման որոշում։
Պաշտոնյաների տեղաշարժը պետք է լինի թափանցիկ և հիմնավոր
Իշխանության՝ կադրերի ընտրության և հրաժարվելու տրամաբանությունն ու ընտրած ձևաչափը խիստ անհասկանալի եւ մտահոգիչ է։ Հանրային հաշվետվողականության և հանրության տեղեկացված լինելու իրավունքից ելնելով՝ իշխանությունները պարտավոր են պարզաբանել՝ ի՞նչն էր իքս պաշտոնյայի պաշտոնից հեռացման պատճառը, որոնք էին հիմքերը՝ նրան նշանակելու եւ այլն։ Այսինքն՝ պաշտոնյաների հետ կապված յուրաքանչյուր տեղաշարժ պետք է լինի թափանցիկ և հիմնավոր, այս տեսանկյունից ունենք բազմաշերտ խնդիր։ Նախ հանրությունն է վճարում պաշտոնատար անձանց աշխատավարձը և իրավունք ունի տեղեկացված լինելու, թե ինչպիսի՞ն է եղել այդ վարձատրության դիմաց կատարված աշխատանքը, և ի՞նչ թերացումներ են եղել, որ այլևս նպատակահարմար չէ այդ անձի պաշտոնավարումը։
Երկրորդ՝ թափանցիկ և հաշվետու չգործելու պարագայում անվստահություն է մտնում կառավարման համակարգի նկատմամբ, որ սա ոչ թե հանրության պետությունն է, այլ սեփական դուքյան է, որտեղ անհայտ պատճառներով կադրերին դնում ու հանում են ու այդ տեղաշարժի մեջ չկա որևէ տրամաբանություն։ Այս հարցերին ֆեյսբուքի իր էջում իրավացիորեն անդրադարձել է հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։
«Մենք մտածու՞մ ենք այս ամենի մասին, ուզու՞մ ենք հանրային նոր մշակույթի մեջ գործել, թե շարունակում ենք իներցիան ու դառնում ավելի նյարդային՝ մամուլում սպրդվող կցկտուր նյութերի հանդեպ։
Ապատեղեկատվության դեմ միայն թափանցիկություն և հաշվետվողկանություն հակադրվելու պարագայում է, որ կարող է արժեզրկվել կեղծիքին ու սուտը։ Հակառակ դեպքում մարդիկ կարդալու են, փնտրելու են գեթ մեկ հիմնավորում, որը, ավելի հաճախ, կարող է լինել բամբասանքի ժանրից»,-գրել է Հովհաննիսյանը։
Այժմ Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին
Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՊՆախարարի հրաժարականի մասին լուրերն այդքան էլ մտացածին չեն։ Նրա հրաժարականի մասին գրվել էր Վանեցյանի եւ Օսիպյանի հրաժարականների ֆոնին, այդ ժամանակ ԱԺ-ում հյուրընկալված Տոնոյանը մեկ հերքել էր հնարավոր հրաժարականը, մեկ ասել, թե ամեն ինչ հնարավոր է՝ ըստ էության, այո, ցույց տալով, որ ոչնչի վրա պետք չի զարմանալ, անկանխատեսելի զարգացումներ չկան, ինքը եւս իր հետագա պաշտոնավարման մասով որեւէ վստահություն չունի։
Ինչեւէ, ուրբաթ օրվանից նորից ակտիվացել են Տոնոյանի հրաժարականի մասին լուրերը։ Հենց այդ ենթատեքստում էլ ամենեւեին էլ պատահական չեն համարում, որ WCIT-ի բացման համերգին Տոնոյանը ներկա չէր մյուս բարձրաստիճան պաշտոնյաների շարքում։ Անգամ վարկած կա, թե Տոնոյանը գրել է ազատման դիմումը, սակայն Փաշինյանը նշել է, որ դիմում պետք չէ, ինքը կազատի։
Իսկ ի՞նչը կարող է Տոնոյանի հնարավոր ազատման պատճառը դառնալ
Դավիթ Տոնոյանի ներկա կառավարության եզակի պրոֆեսիոնալ կադրերից է համարվում, ում վերաբերյալ գնահատականները հիմնականում դրական են, վարկանիշը՝ բարձր։ Տոնոյանի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը եւս կարծես դրական էր, համենայն դեպս նշանակելիս վարչապետը հայտարարել էր, թե ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար, եւ հետո՝ բանակի ապաքաղաքականացման համար Տոնոյանի թեկնածությունը ամենահարմարն է։
Նկատենք նաեւ, որ գոնե հրապարակավ՝ իր հայտարարություններում, հարցազրույցներում Փաշինյանը դժգոհություն չէր հայտնել Տոնոյանի աշխատանքից։ Այս դեպքում՝ հարց է առաջանում՝ ինչ խնդիրներ կարող են լինել Տոնոյան-Փաշինյան հարաբերություններում։
Այստեղ եւս վարկածների պակաս չկա, իշխանությանը մոտ կանգնած անձինք ասում են, որ Տոնոյանի հնարավոր հրաժարականը կարելի է դիտարկել նախկինների հետ կապեր ունեցողներից ազատվելու ֆոնին։ Երկրորդ՝ ոմանք մեջտեղ են բերում Վանեցյանի մասին Տոնոյանի ոչ խիստ ձեւակերպումները եւ հնարավոր ազատումը պայմանավորում սրանով։ Ի դեպ, այս երկու փաստարկների կոնտեքստում առաջիկայում հնարավոր է նաեւ ԱԻնախարար Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականը։
Երրորդ՝ շատերը պնդում են, որ ՊՆախարարը այն անձը չէ, որից կարելի է նման պատճառներով ազատվել, հետեւաբար՝ արմատները պետք է շատ խորը փնտրել, այն է՝ Տոնոյանի եւ գլխավոր շտաբի պետի գերլարված հարաբերություններ։ Նրանք տեւական ժամանակ է՝ միմյանց հետ չեն շփվում, խորը հակամարտության մեջ են մի շարք խնդիրների պատճառով՝ կադրային նշանակումներ, գնումներ, մատակարարումներ, ընդ որում՝ այս մասին անգամ տեղեկություններ են հրապարակվել
