ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու որոշման նախագծին այսօր կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ 1, անվավեր 2։
Ուշագրավ է, որ քվեարկությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները սկսեցին նույն ստատուսը գրել ֆեյսբուքում՝ նշելով, որ վերջնական արդյունքի գրանցումը գտնվում է Սահմանադրական դատարանի տիրույթում, որին ընձեռված է հնարավորություն կայացնելու պետականամետ որոշում։
Ինչ է սպասվում այսքանից հետո։
ԱԺ որոշումն ուղարկվելու է ՍԴ և 30 օրվա ընթացքում պետք է այն վարույթ ընդունի ու քննի։
Նշված գործով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը, այսինքն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները կկասեցվեն դիմումը քննությունը սկսելուց հետո։ Կարեւոր է նաեւ այն, որ գործով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը
. 1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին. 2) դիմումը մերժելու մասին։ ՍԴ պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
Հրայր Թովմասյանի հարցով որոշում կայացման համար ՍԴ դատավորների ընդհանուր թվի առնվազն 2/3֊րդի ձայնն է պետք։ Այսինքն՝ հարցով իշխանությունների ցանկալի ելքի համար առնվազն 6 դատավոր պետք է կողմ լինի։
Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ իշխանությունները ընդամենը երեք ձայն ունեն՝ Վահե Գրիգորյանի, Քոչարյանի գործով հատուկ կարծիք հրապարակած Ֆելիքս Թոխյանի, Արման Դիլանյանի ձայները, այսինքն՝ եւս երեք հոգու պետք է համոզել կողմ քվեարկել Թովմասյանի «իմպիչմենտին»
Հետաքրքիր է նաեւ՝ այդ ծանր գործը՝ ՍԴ դատավորներին համոզելու, նախագծի համար «դոշ տալու» ում ուսերին կդնի իշխանությունները։
Նկատենք, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ ամսի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են նաև էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
Թովմասյանի պաշտոնանկության հիմնական հիմք է ներկայացված, այն, որ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննելիս նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ Քոչարյանն իր փաստաբան Արամ Օրբելյանի մկրտության ու հարսանիքի քավորն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ–ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձ է և նախկինում հրապարակավ կարծիքներ ու պնդումներ է ներկայացրել 2008թ–ի մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ։ «Իմ քայլի» նախագիծը դրական եզրակացություն էր ստացել պետաիրավական հանձնաժողովում, ԼՀԿ-ն միացել էև նախագծին, ԲՀԿ-ն չէր մասնակցել քվեարկությանը։
