Ի դեպ, այսօր նունիսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու եւ կալանքը ուժի մեջ թողնելու վերաբերյալ, չնվազեցրեց հանրային հետաքրքրությունը նախօրեի ամենասենսացիոն իրադարձության՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության նկատմամբ։
Հասկանալի է, որ տեղի ունեցածը բազմածալ շերտեր ունի՝ ԱԱԾ-ի ինքնավարությունից մինչեւ երկրի սուվերենություն, ներքին ազդեցության ոլորտներից մինչեւ գլոբալ խնդիրներ, կառավարման համակարգից մինչեւ ներքաղաքական զարգացումներ։
Բայց այս երկու օրերին ավելի շատ քննարկվում էր Արթուր Վանեցյանի գրառման, այսպես ասած քաղաքական հատվածը, որտեղ նա խոսում էր պետականաշինության տրամաբանության, գործող իշխանության որոշումների տարերայնության, հախուռնության, առաջնային երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերելու մասին եւ պարբերությունն ավարտում էր «կանգ առ» սթափեցնող կոչով։
Սա գնահատվեց որպես քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտ՝ առաջիկա ժամանակների համար։ Հատկանշական է, որ այս տեքստը նկատելի աշխուժություն առաջացրեց քաղաքական դաշտում։ Տարբեր կողմերից արդեն նրան պատկերացնում էին վերջին շրջանում հրապարակային խոսքի ակտիվությամբ աչքի ընկնող Միքայել Մինասյանի հետ՝ նույն դաշտում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեց, թե ինքը չգիտի, ծանոթ են արդյոք Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, սակայն Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ։
Եւ որպես հետգրություն՝ ավելացրեց, մեջբերեմ․ «Իսկ եթե իշխանական քարոզչամիջոցների կանխագուշակումները իրական են, ապա Վանեցյանի լեզվով ասած՝ Barcelona-ն կամ Real-ը ձեռք կբերեն Messi-ին՝ քանի որ Վանեցյանի պես ռեյտինգային գործիչը կարող է ուժեղացնել այն թիմը, որտեղ կգնա:
Եթե իհարկե, գտնի իր խաղը...Սրան սակայն, անմիջապես հաջորդեց Վանեցյանի պատասխանը։ Նա կոչ արեց բոլորին, չփորձել իրեն ներքաշել կեղտոտ խաղերի մեջ, չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ։ Ավելին, նա պարզապես միամտություն համարեց իրեն Միքայել Մինասյանի հետ կապելու փորձերը։
Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- ասաց Վանեցյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրությանը, ապա նա այդ հեռանկարը չբացառեց․ «Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ»։
Այսպիսով ավելի պարզորոշ է ուրվագծվում Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու հեռանկարը, այս պահին մեկ հստակեցումով։ Նա չի խաղում գործող իշխանության դաշտում, նա չի խաղալու նախկինների դաշտում։ Ինչպես երեւում է, նոր խաղադաշտ կառուցելու նրա մտադրությունը վերաբերում էր ոչ միայն ֆուտբոլին։
