Լևոն Սարգսյանը կներկայանա՞. մանրամասնում է փաստաբանը
Հասարակություն
Ես կարող եմ Լևոն Սարգսյանին վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը բնորոշել որպես վարկած, քանի որ այն փաստական տվյալները, որոնք դրված են կալանավորման հիմքում՝ անգամ շատ հեռուն գնացող և շատ վառ երևակայություն ունեցող մարդու մոտ չէին առաջացնի այն ենթադրությունները, որոնք դարձել են մեղադրանք։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ ընդգծելով, որ նույն անձի վերաբերյալ երկու կալանավորման որոշումն աննախադեպ է և, որ ՀՀ-ի քրեական դատավարական օրենսգիրքը չի նախատեսում նման բան։
«Պարոն Սարգսյանի նկատմամբ դեռևս մեկ տարի առաջ էր հետախուզում հայտարարվել, հիմա, երբ կրկնակի հետախուզում է հայտարարվում, ինչ են անելու, ավելի լա՞վ պետք է հիմա հետախուզեն, որոնեն։ Կարծում եմ, ցանկացած անաչառ մարդու մոտ տպավորություններ և ենթադրություններ կառաջանան, թե ինչի մասին է սա վկայում»,-ասաց նա։
Հարցին, թե կալանավորման որոշման պարագայում հնարավո՞ր է, որ Սարգսյանը ներկայանա, փաստաբանը պատասխանեց. «Երբ մենք գնահատում ենք, որ մեղադրանքն անհիմն է և առաց օրենքի, առանց պատշաճ գործիքակազմի կալանավորման ձևով խափանման միջոց է կիրառվում, ներկա փաստաիրավական վիճակը հաշվի առնելով՝ դուք ինչպե՞ս կվարվեիք։ Ամեն դեպքում, ասեմ, որ ես չեմ խոսել պարոն Սարգսյանի հետ»։
Փաստաբանն ընդգծեց, որ բացառիկ դեպքերում է, որ վարույթն իրականացնող մարմինը սկսում է անուն-ազգանուններ օգտագործել ԶԼՄ-ների հետ շփվելիս։ «Սովորաբար, նշվում է միայն անվան և ազգանվան առաջին տառերը, պարոն Սարգսյանի դեպքում՝ օգտագործվել է Լևոն Սարգսյանի ամբողջական անուն –ազգանունը։ Տվյալ դեպքում Լևոն Սարգսյանի անմեղության կանխավարկածն է կոպիտ խախտվում ու ոտնահարվում։ Սա այդ բացառիկ դեպքերից մեկն է ու հիմա ես եմ հարցնում, դուք ինչ-որ բան այստեղ չե՞ք նշմարում»,-ասաց փաստաբանը։