«Պարզաբանում». Ինչպես է կարգավորվում ֆեյք էջերի գործունեությունը
Պարզաբանում
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք սոցիալական ցանցերում տարածված ֆեյք օգտատերերին։
Նախ պետք է սահմանում տանք «ֆեյք» հասկացությանը. Fake թարգմանաբար նշանակում է կեղծիք կամ կեղծել, իսկ ժամանակակից հասարակության իրականության մեջ այդ բառը օգտագործվում է բնորոշելու համար համացանցում գործող տարբեր սոցիալական կայքերում գրանցված անանուն օգտատերերի կամ այն օգտատերերի, որոնք իրենց գրանցումն տվյալ կայքում իրականացրել են՝ օգտագործելով այլ անձանց անհատականացնող տվյալներ, այլ կերպ ասած՝ գրանցվել են ուրիշի անունով, ազգանունով և այլ տվյալներով, նույնիսկ՝ օգտագործելով այլ անձանց լուսանկարները:
Բոլորովին վերջերս Հայաստանի որոշ լրատվամիջոցներ սկսեցին նյութեր հրապարակել այն մասին, թե ինչպես են քաղաքական բնույթի կեղծ տեղեկություններ տարածվում Facebook սոցիալական ցանցում ֆեյք օգտատերերի միջոցով, ինչպես են ստեղծում և վարում ֆեյք էջեր: Սակայն այդ երևույթը ոչ միայն մեր երկրի սոցիալ-քաղաքական առողջ մթնոլորտի զարգացմանն է խոչընդոտում, այլ նաև խնդիրներ է առաջ բերում այն անհատների համար, ում անձնական տվյալները օգտագործվել են ֆեյք էջեր գրանցելու նպատակով:
Եթե փորձենք իրավաբանական տեսանկյունից հստակեցնել ֆեյք էջ վարելու նպատակները, ապա կտեսնենք, որ դրանց թվում են.
1. անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելը՝ վիրավորանքի կամ զրպարտության միջոցով: Նման կերպ կարող են որակվել անվայել մեկնաբանությունների հրապարակումը, որոնք միանշանակ վիրավորում են այն անձին, որի հասցեին ուղղված են և արատավորում են այն անձի համբավը, որի անունից հրապարակվում են; կեղծ տեղեկությունների հրապարակումը թե երրորդ անձանց վերաբերյալ, թե՝ այն անձի, որի անունից վարվում է տվյալ էջը և այլն:
2. անհատի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ տարածելը: Այս սահմանմամբ է բնութագրվում այլ անձանց պատկանող լուսանկարների, տեսանյութերի կամ խիստ անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունների հրապարակումը, օրինակ՝ տեղեկություններ առողջական վիճակի մասին, կամ անձնական նամակագրություն և այլն:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևիցե կերպ չեն կարգավորվում սոցիալական ցանցերում ֆեյք էջ ստեղծելու գործողությունները և այդ գործողությունների իրականացումը չի հանգեցնում պատասխանատվության ենթարկման: Սակայն պատասխանատվություն են առաջացնում այն գործողությունները, որոնք «իրական» օգտատերը իրականացնում է ֆեյք էջի միջոցով:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է հետևյալը.
Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:
Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Վերոնշյալ պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ մեկտեղ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Մեջբերված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն կիրառելի է այն պարագայում երբ պոտենցիալ պատասխանողը հայտնի է, այսինքն այն անձը, ում իրավունքները խախտվել են գիտի այն անձին, որը խախտել է իր իրավունքները: Սակայն եթե հայտնի չէ այն օգտատերը, որը արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, վիրավորանք է հասցրել կամ զրպարտել է, ապա անհրաժեշտ է դիմել Համայնքային ոստիկանության հենակետեր կամ բաժանմունքներ և հաղորդում տալ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որից հետո իրական օգտատիրոջ հետախուզմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները:
Անհատի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ տարածելու գործողությունները նախատեսված են քրեական օրենսգրքով և պատժվում են տուգանքով՝ 2 000 000 – 5 000 000 չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Այսպիսով տեսնում ենք, որ չնայած այն հանգամանքին որ, մեր երկրում կարգավորված չեն սոցիալական ցանցերում ակտիվության դրսևորումները, այնունայնիվ համացանցում խախտված իրավունքների պաշտպանության լծակներն առկա են:
Հարցերին պատասխանել է իրավախորհրդատու Արևիկ Սիմոնյանը
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Փոխառությայն պայմանագրերին
բանկային գաղտնիքին
անվճար նախածննդյան հսկողությանը և ծննդաբերությանը
արտերկրից մեքենա գնելու և ներմուծելու պայմաններին
գնված ապրանքը փոխանակելու և հետ վերադարձնելու ժամկետներին ու պայմաններին
զինծառայողների իրավունքներին և երաշխիքներին
ԱՊՊԱ պայմանագրերին
տուրիստական փաթեթներ ամրագրելիս հանդիպող խնդիրներին
երեխայի ծննդյան միանվագ նպաստին
ապառիկով ապրանք ձեռք բերելու խնդիրներին և ռիսկերին
անվան փոփոխությանը
մանկապարտեզից մինչեւ բուհ ընդունվելու կարգին
գնորդի և վաճառողի իրավունքներին
վարկ ստանալու պայմաններին և ռիսկերին
ամուսնական պայմանագրերին
աշխատողների իրավունքներին
հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն
դեկրետի գումարի հաշվարկին
ժառանգության իրավունքին
ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին
վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն
ամուսնալուծության եւ ալիմենտի հարցերին
բնակարանի վարձակալության հարցին
հաշմանդամության կարգ ստանալուն
արձակուրդի իրավունքին
զագսավորվելուն, ամուսնու տանը գրանցվելուն եւ հայրություն ճանաչելուն
զինծառայությունից ազատվելուն