Մի նկար կարող էին գտնել ու ասել, որ իմ ընկերուհիներն են. Լուլուն՝ գորգերը լվանալու 5 միլիոնը իր ընկերուհիներին տալու մասին
Քաղաքական
Երեկ հայտնի դարձավ, որ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում 5մլն դրամ արժեցած գորգ լվանալու միջոցառման կազմակերպումը պատվիրել են Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին։ Ընդ որում՝ Մերի Սոլոյան Ա/Ձ-ն գրանցվել է Վարդավառից օրեր առաջ։ Տեղեկություններ կան, որ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի, ընկերուհիներն են:
Թե ինչպես է ստացվել, որ տոնը կազմակերպելը վստահվել է հենց Լուսինե Բադալյանի ընկերուհիներին, Armdaily.am-ը զրուցեց պատգամավորի հետ։ Պատգամավորն ասում է ՝ կազմակերպչական գործերի հետ ինքը չի առնչվել։
«Թե ինչպես են ընտրվել Ա/Ձ-ները, ով ում բարեկամն է, որքան գումար է ծախսվել, ում մոտ է առաջացել մտահաղացումը, ինչպես են կազմակերպել, բացարձակ տեղյակ չեմ։ Անգամ քաղաքում չեմ եղել, ինձ ասել են որ նման միջացառում կա,,համաձայնել եմ, եկել եմ միջոցառումը վարելու։ Այնպես չէ, որ ես միջացառումը վարել եմ, ինձ դրա համար գումար կամ պարգևավճար են տվել։ Ես միջոցառումներ կազմակերպողներին գրեթե բոլորին ճանաչում եմ, քանի որ 20 տարի աշխատել եմ այդ մարդկանց հետ։ Ցանկացած մարդ, ով միջոցառում է կազմակերպում, կարելի է ասել իմ ընկերն է, քանի որ բոլորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ։ Տարբերություն չկա ով կլիներ միջոցառման կազմակերպիչը, մի նկար կարող էին գտնել ու ասել, որ իմ ընկերուհիներն են։ Ես անգամ խորհուրդ չեմ տվել՝ ում կարելի է ընտրել, իմ կարծիքը որևէ մեկը չի էլ հարցրել։ Չեմ կարծում, որ ես այն ֆիգուրն եմ, որի հետ ԱԺ-ի հետ ղեկավարությունը պիտի հաշվի նստի որևէ բան կազմակերպելու համար։ Բայց այնպես են մեկնաբանում, իբրև դու արդեն «հարցեր ես լուծում», դա միայն ծիծաղ է առաջացնում ինձ մոտ»,-ասում է Բադալյանը։
Հարցին, իսկ ինչպես է վերաբերվում այդ միջոցառման համար 5մլն դրամ հատկացնելուն, պատգամավորը պատասխանեց.
«Ես տեղյակ չեմ եղել թե որքան է ծախսվել։ Կարծում եմ՝ մեր տոներին պետք է պետական ուշադրություն դարձնել, իսկ դրա համար պետք է մի փոքր գումար ծախսել։ Եթե Աժ-ն որևէ միջացառման համար գումար է ծախսում, ապա հավատացեք, դա ոչ թե ավելորդ գումար է, այլ հավանաբար մենք՝ գոնե «Իմ քայլը»-ի պատգամավորները, մեր գրպանից աջակցում ենք։ Այնպես չէ որ պետական, կամ շատ կարևոր տեղից փող պետք է վերցնենք, քանի որ մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր աշխատավարձի ինչ-որ մասից հրաժարվենք, որ մի լավ բան անենք։ Մի բան կարող եմ հաստատ ասել, նման դեպքերում եթե պետք է ինչ-որ գումար «կմճտել», ապա դա արվում է «Իմ քայլը»-ի պատգամավորներից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անի Ջուլհակյանը Հռիփսիմե Գրիգորյանի եւ նրա ամուսնու՝ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանի մտերիմն է, ավելին՝ պատգամավորի ամուսինը ժամանակին աշխատել է Անիի հետ։
Տաթև Կոստանդյան