«Պարզաբանում». Վիրավորանք և զրպարտություն. բաղադրիչ տարրերը և պաշտպանական մեխանիզմները
Պարզաբանում
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ թեման վիրավորանքն և զրպարտությունն է։
Յուրաքանչյուր քայլափոխի ցանկացած անձ կարող է բախվել իր հասցեին ուղղված և սեփական անձը արատավորող արտահայտությունների և գործողությունների։ Օրենսդիր համակարգը սահմանել է որոշակի մեխանիզմներ, որոնց միջոցով անձը կարող է վերականգնել իր պատիվը և արժանապատվությունը կամ գործարար համբավը իր հասցեին ուղղված վիրավորանքից և զրպարտությունից։
Ստորև կանդրադառնամ թե որոնք են համարվում վիրավորանք և զրպարտություն, կներկայացնեմ այն բաղադրիչ տարրերը, որոնց առկայության պարագայում արտահայտությունը կամ արարքը կհամարվի զրպարտություն կամ վիրավորանք, ինչպես նաև պաշտպանության մեխանիզմները։
Նախ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Մարդը հանդիսանում է բարձրագույն արժեք և Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որն է համարվում վիրավորանք և զրպարտություն։ Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սակայն հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Վիրավորանքը կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Այս ցանկը բաց է և վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ։
Որպեսզի արտահայտությունը համարվի վիրավորանք անհրաժեշտ է ստորև ներկայացված 3 պայմանների առկայությունը։ Դրանք են.
1) արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային եղանակով,
2) արտահայտությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող,
3) արտահայտությունը պետք է կատարված լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով, դիտավորությամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը իր կայացրած որոշումներից մեկում անդրադարձել է, թե որն է համարվում «հրապարակային արտահայտություն»։ Այսպիոսվ հրապարակային է այն արտահայտությունը (կամ ներկայացված փաստերը), որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ, իսկ եթե հայտարարությունը կատարվել է ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի և կապի ու լրատվության այլ միջոցներով, ապա երրորդ անձին հաղորդակից դարձնելով։
Բացի արտահայտության հրապարահային լինելուց այն նաև պետք է լինի «արատավորող»։ Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է արտահայտության «արատավորող» լինելուն։ «Արատավորող» արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից:
Վիրավորանքի համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կատարված նաև դիտավորությունը, որը դրսևորվում է դիտավորությամբ կատարված գործողություններով կամ արտահայտություններով։
ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անհրաժեշտ է հետևյալ չորս նախապայմանների առկայություն, որպեսզի արտահայտությունը համարվի զրպարտող։ Այդ նախապայմաններն են.
1) հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),
2) հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,
3) հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը, այսինքն պետք է լինի սուտ, անհիմն և ոչ հավաստի
4) հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող։
ՊԱՏՎԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը ենթակա են պաշտպանություն այլ անձի կողմից հրապարակայնորեն կատարված վիրավորանքից և զրպարտությունից։
Անձը, որի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորվել են լրատվական տարբեր կայքերի միջոցով, իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ։
Ընդ որում, հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Եթե անձը պահանջել է հերքել և/կամ հրապարակել իր պատասխանը, և լրատվական գործունեություն իրականացնողի կողմից կատարվել է այդ պահանջը, ապա նա չի կարող օգտվել դատական պաշտպանության միջոցներց։
Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Իսկ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Անձը իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացնել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Հարցերին պատասխանել է իրավախորհրդատու Մարիամ Հակոբյանը։
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Պարտքով գումարի տրամադրում՝ փոխառության պայմանագրով. ինչ է այն և որոնք են առանձնահատկությունները
Բանկային գաղտնիքին
անվճար նախածննդյան հսկողությանը և ծննդաբերությանը
արտերկրից մեքենա գնելու և ներմուծելու պայմաններին
գնված ապրանքը փոխանակելու և հետ վերադարձնելու ժամկետներին ու պայմաններին
զինծառայողների իրավունքներին և երաշխիքներին
ԱՊՊԱ պայմանագրերին
տուրիստական փաթեթներ ամրագրելիս հանդիպող խնդիրներին
երեխայի ծննդյան միանվագ նպաստին
ապառիկով ապրանք ձեռք բերելու խնդիրներին և ռիսկերին
անվան փոփոխությանը
մանկապարտեզից մինչեւ բուհ ընդունվելու կարգին
գնորդի և վաճառողի իրավունքներին
վարկ ստանալու պայմաններին և ռիսկերին
ամուսնական պայմանագրերին
աշխատողների իրավունքներին
հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն
դեկրետի գումարի հաշվարկին
ժառանգության իրավունքին
ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին
վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն
ամուսնալուծության եւ ալիմենտի հարցերին
բնակարանի վարձակալության հարցին
հաշմանդամության կարգ ստանալուն
արձակուրդի իրավունքին
զագսավորվելուն, ամուսնու տանը գրանցվելուն եւ հայրություն ճանաչելուն
զինծառայությունից ազատվելուն