Մեկ-երկու շաբաթ է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում անողոք պայքար է գրպանահատների դեմ։ Խնդիրը ավելի մասսայական բնույթ ստացավ, երբ մեր գործընկերներից Հռիփսիմե Ջեբեջյանը հրապարակեց երկու երիտասարդի լուսանկար եւ ներկայացրեց, թե ինչպես է վնասազերծել ուղեւորներից մեկի դրամապանակը գողացողներին։
Դրանից հետո նույն «բանդայի» վերաբերյալ ահազանգեցին ֆեյսբուքյան այլ օգտատերեր, պարզվեց, որ քաղաքացին նկատողություն էր արել գրպանահատին, նա գործի էր դրել ձեռքի տակ եղած դանակը։
Սոցիալական ցանցերում օգտատերերը մեղադրանքներ են ներկայացնում ոստիկանությանը, որ այսքան փաստերի, ահազանգերի պարագայում չեն կարողանում վնասազերծել, պատժել կոնկրետ անձանց։
Ավելի վաղ հայտնի գրպանահատների վերաբերյալ ոստիկանությունից ArmDaily.am-ին հայտնել էին, որ այդ հանցարարքի փաստով հաճախ քրեական գործ չի հարուցվում, քանի որ տուժողները չեն բողոքում, այդ դեպքում քրեական գործի հարուցումը մերժվում է, գրպանահատն էլ բաց է թողնվում։ «Նշված միջադեպով մեկ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»,-հայտնել էին մեզ ոստիկանությունից։
Գրպանահատների դեմ պայքարն առայժմ ծավալվել է օնլայն տիրույթում՝ հեշթեգի, հրապարակային խարազանման տեսքով, սակայն թե ինչքանով նրանք կազդվեն այս ամենից եւ կդադարեն իրենց հանցավոր գործունեությունը, մեծ հարց է։
Իսկ օֆլայն տիրույթում նրանց դեմ պայքարելու հարցում իրավապահների հնարավորությունները սահմանափակ են, չունեն բավարար գործիքակազմ։ Խնդիրն այն է, որ օրենքը բաց ունի, գրպանահատությունը մինչև 500 հազար դրամի դեպքում կալանք չի նախատեսում, այս մասին բնականաբար լավ տեղեկացված են հանցագործունեության սուբյեկտները, ովքեր ձգտում են գողոնի չափը չանցնել եւ այդպես չափի մեջ գողանալով ապրում են։
Գրպանահատությունը քրեականացնող նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել եւ արդեն հասել խորհրդարան, հավանաբար արձակուրդային սեզոնից հետո՝ առաջիկա լիագումար նիստերից մեկում, այն կընդունվի։
Գրպանահատներին խստագույնս չպատժելու մեջ, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի նաեւ հանրությունը։
Շատ հաճախ մարդիկ անտարբեր են իրենց քթի տակ իրականացվող գողությանը՝ «շառի» մեջ չընկնելու համար, տուժողներից ոմանք էլ խղճում են գողերին, փորձում ամեն կերպ արդարացնել, գումարը վերադարձնելուց հետո դիմումը հետ վերցնում կամ էլ առհասարակ քիչ գումարի պարագայում չեն ցանկանում բողոք գրել, քաշքշուկի մեջ ընկնել, մի քանի անգամ գնալ-գալ «քաղմաս», քանի որ վստահ չեն, որ այս ամենը արդյունք կտա, գողոնը եւ գողը կհայտնաբերվեն։ Ընդունենք, թե չընդունենք, ամեն դեպքում, հանրության մի ստվար հատվածի գիտակցության մեջ դեռ արմատացած է «գործ տվող» չդառնալու մտածելակերպը, եւ եթե օրենքը փոխելու համար օրենսդիրների մեծամասնության ձայնն է պետք, գրպանահատներին հայտնաբերելու եւ պատժելու հարցում՝ իրավապահների պատրաստակամությունը, ապա մտածելակերպի փոփոխության խնդիրը ավելի բարդ է։

