Թթի օղի գրեթե ամեն օր` սոված փորին, թան` օրական մի քանի բաժակ.բլից հարցազրույց դատավոր Արշակ Վարդանյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am -ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
Ինչո՞ւ տիեզերագնաց չդարձաք։
-«Երկրի» վրա էլ լիքը անելիք կա...։
Պատռված տաբատ, մեծ եղբոր հագուստը հագնել, ճաշարանի գումար ուզել...նորմալ մանկությո՞ւն եք ունեցել։
-Ավագ եղբորս հագուստները չեմ հագել, չէի էլ կարող, տարբեր քաշային կարգերում ենք, մնացածը` այո, լավ մանկություն, հիշարժան և երջանիկ օրեր...։
Հայրական խրատ։
-Վատ օրինակից էլ կարելի է լավ բան սովորել, յուրաքանչյուր ոք պետք է բացառապես իր գործով զբաղվի` քիթը չխոթելով ուրիշի գործերի մեջ...։
Ամեն օր դատում եք, գիշերը հանգի՞ստ եք քնում։
-Գլխավորապես` այո, բայց եղել են նաև անքուն գիշերեր, որոնք նախորդել են որևէ գործով վերջնական դատական ակտի հրապարկմանը։
Հարեւանները ի՞նչ են ասում։
-Ձեր տա՚՞նն էլ հոսանք չկա։
Ե՞րբ են գտնելու X-ը։
-Երբ որ հայտնաբերեն նրա հետ խմբի կազմում գործած, նրան թաքցրած y-ին:
Սեռական փոքրամասնություններին ինչպե՞ս եք վերաբերում։
-Անտարբեր, նրանց վերաբերյալ գործերը քննելիս` ինչպես բոլորին...։
Առաջին համբույր...։
-Չի տպավորվել։
Սաունա, թե գիշերային ակումբ...։
-Հեռու աղմկոտ միջավայրերից, իհարկե սաունա, թեև դրա սիրահարն էլ չեմ...։
Սերենադ երգե՞լ եք։
-Չէ, իմ մոտ չի էլ ստացվի, զգացմունքներ արտահայտելիս զուսպ եմ։
Խարույկ, կիթառ...եւ ով...։
-Ընկերական շրջապատ` ընտանյոք հանդերձ։
Գոգեն, Մարտիրոս Սարյան, թե Կանդիսկի...։
-Իհարկե Սարյան...։
-Սիրելի կերակուր։ Ձվածեղից բացի՝ ինչ կարող եք պատրաստել։
-Խոհանոցից հեռու եմ, բայց մանղալի վրա խորոված կարողանում եմ պատրաստել...։
Քանի՞ ծխախոտ օրական։
-Նայած, կախված է նրանից` հյուրասիրում են, թե ծխում եմ սեփական ծխախոտը, իրականում երբևէ չեմ ծխել։
Վիսկի, թթի օղի, թե թան...։
-Թթի օղի գրեթե ամեն օր` սոված փորին, թան` օրական մի քանի բաժակ։
Դատելու ջիղը հայրիկի՞ց է, թե՞ ատամհատիկին մուրճ եք վերցրել։
-Հանրությանը պիտանի մարդ դառնալու ջիղն է հայրիկից, «դատելու» համար ջիղ պետք չէ, պետք են որոշակի իրավական գիտելիքներ և մարդկային որակներ, պատասխանատվության զգացում, չնայած ինչ իմանաս, հիմա ոնց որ լրացուցիչ «պայմաններ» էլ են անհրաժեշտ...։
Տանը վկա՞ եք, մեղադրո՞ղ, թե՞ ամբաստանյալ։
-Նայած օր և նայած իրադրություն, մի օր` մեղադրող, մի օր էլ` ամբաստանյալ...․
Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Ինչ-որ բան գիտե՞ք, որից ես դեռ տեղյակ չեմ, ոնց որ կողմի դատավարական կարգավիճակ չունեմ, չէ՞... հասնենք այդտեղ, կորոշենք...։
Ակամայից ստացած կաշառք։
-Երեխաներիս նվերները` ծննդյանս տարեդարձի կապակցությամբ, իսկ ոչ գույքային` նրանց ուսման բարձր գնահատականները...։
Ոսկե ձկնի՞կ, թե՞ կախարդական փայտիկ...։
-Երկուսն էլ «գտնողին» տանում է կործանման, քանի որ հաջողությունների հիմքը դրվում է ամենօրյա քրտնաջան աշխատանքով...։
Ինչքա՞ն փող է ձեզ պետք։
-Դատավորին էլ էդպիսի միամիտ հարց կտան, այն էլ հիմա, իհարկե շաաաաաատ, իրականում` այնքան, որքան բավարար է ընտանիքիս մինիմալ պահանջները բավարարելու, երեխաներին որակյալ կրթության տալու և ընկերական շրջապատից ու բարեկամական միջավայրից «չկտրվելու» համար...։
Ձեր երջանկությունը։
-Սիրած գործով զբաղվելը։
Լավագույն քաղաքական գործիչը։
-Չունեմ, որքան հեռու քաղաքականությունից և քաղ. գործիչներից, այնքան լավ... ։
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսինն եք նմանեցնում։
-Դեռ փնտրտուքի մեջ եմ...։
Կյանքի իմաստը ...։
-Այդ հարցի վրա երբևէ չէի կենտրոնացել, երևի զավակներիս ճիշտ ուղիով դաստիարակել և կրթության տալը, որ դառնան հպարտության առարկա ծնողների համար, լինեն հանրության համար պիտանի և միաժամանակ երջանիկ։
Բամբասանք ձեր մասին։
-Այդ բացն էլ լրացվեց. իբր այլ անձանց փոխարեն որոշում եմ գրել, ցանկացողներ չկա՞ն, արձագանքեք...։
Ինչի՞ համար եք զղջում։
-Ծնողներիս և ընտանիքիս անդամներին անհրաժեշտ ժամանակ և ուշադրություն չհատկացնելու համար, որն ունի իր օբյեկտիվ պատճառը։
Ո՞ւմ եք սիրում։
-Կնոջս։
Ու՞մից եք դժգոհ։
-Առաջին հերթին` ինձնից, եթե որևէ բան լավ չի ստացվում, մյուսներից` ըստ իրավիճակի, բայց բծախնդիր չեմ։
Երբ զայրանում եւ զարմանում եք։
-Շատ քիչ եմ զայրանում, բայց, որ զայրացա...։Աստված հեռու պահի, որևէ բանով դժվար է ինձ զարմացնել, հատկապես վերջին ժամանակներս...։
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-«Քամելիոն» մարդու դեր, հայրենիքն ու հարազատների հետ հարաբերությունները դավաճանողի, խոստումը դրժողի դեր...։
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հիասթափվում եմ, երբ հարված ես ստանում այն անձից կամ կողմից, որ երբեք սպասելի չէր, հուսահատվել եմ միայն մեկ անգամ, երբ անկարող էի օգնել անբուժելի հիվանդությամբ տառապող հարազատիս։
Վախենո՞ւմ եք «ասֆալտին փռվելուց, պատերին ծեփվելուց, լանցետով վիրահատությունից»։
-Չեմ վախենում, դժվար թե հայտնվեմ այդ ռիսկային խմբերից որևէ մեկում, ոնց որ ուղեկցող թիկնապահներ էլ չունեմ, Աստված հեռու պահի...։
Հավատում եք Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Արմեն Սարգսյանին։
-Հավատում եմ միայն ինձ և իմ ուժերին..., պետք է ոչ թե հավատալ որևէ քաղաքական գործչի, այլ հետևել և գնահատել նրա կատարած աշխատանքը...։
Ո՞ր դեպքում հրաժարական կտաք եւ ինչո՞ւ։
-Հրաժարական կտամ այն դեպքում, երբ ներքուստ հանգեմ այն համոզման, որ այլևս անելիք չունեմ մեր դատական իշխանությունում, չեմ կարող օգտակար լինել նրան և այն գտնվում է անկախ և արժանի դատավորների ձեռքում: Հնարավոր է նաև փաստաբանական աշխատանքի անցնելու նպատակով, բայց ոչ հիմա:
Վեթինգ, թե ինքնավեթինգ...։
-Այդ փուլերը անցել եմ, վկան` փաստաբանական համայնքը և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը.
Թուլություններ, թերություններ։
-Թերություններս անթիվ ու անհամար են, որ թվարկեմ բլից հարցազրույցը կվերածվի անվերջանալի մոնոլոգի, թուլություններս` ժամանց հաճելի անձանց հետ, ճանապարհորդելը...
Զանգ ԲԴԽ-ից։
-Շնորհակալ եմ հրավերի համար, առավոտյան սուրճն արդեն ըմպել եմ
Խորհրդակցական սենյակում։
-Տեսնես միանձնյա գործ քննող դատավոր խորհրդակցական սենյակում գտնվելիս ում հետ է խորհրդակցում։
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Հասցնելո՞ւ ես արդյոք բլից հարցազրույցին մասնակցել։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Լիզա Գրիգորյանը Ձեզ հարցնում է՝ որն է արդարության բանաձևը։
-Խղճի առաջ յուրաքանչյուրի մաքուր լինելը
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի