Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց 13 միլիոն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը:
Ընկերությունը Չինաստանից ներմուծելու է ստվարաթուղթ, որն օգտագործելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակներ, ափսեներ) արտադրության մեջ: «Արտ գլոբալ»-ը խոստացել է ծրագրի շրջանակներում իրականացնել 250 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։
Ըստ parliament.am-ի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը 2016-2019 թվականներին, որպես փոխտնօրեն, աշխատել է այս ընկերությունում:
Որոշումը բուռն արձագանքի արժանացավ հասարակության շրջանում, շատերը սկսեցին քննարկել պատգամավորի պասիվ կեցվածքը, և միայն այս որոշումից հետո նրա մասին իմանալու փաստը:
Armdaily.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց.
«Պատգամավորական գործունեությունս սկսելուց հետո «Արտաշես Պետրոսյան» ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը: Դա եղել է ընտանեկան բիզնես, հիմա դրանով զբաղվում է եղբայրս: Իսկ «Արտ գլոբալ»-ում աշխատել եմ որպես փոխտնօրեն, և առանձնապես ուրիշ կապ չեմ ունեցել: Իմ փոխտնօրեն եղած ժամանակ նախկին իշխանությունը նույնպես մաքսատուքից ազատվելու համար արտոնություն էր տվել:Հիմա ժամկետը լրացել է, նորից դիմել են և կառավարությունը չի մերժել: Արտադրություն է,աշխատատեղեր է ապահովում»:
Հարցին, որ իրեն մեղադրում են պասիվ լինելու, ելույթներ չունենալու և նախագծեր չներկայացնելու մեջ, Պետրոսյանը պատասխանեց.
«Ես օրենքի նախագծերում առաջարկություններ եմ արել օրենքի նախագծերում որոնք ընդունվել են: Առաջարկությունս այն էր, որ շահումով խաղերի գովազդները բնակելի շենքերի մուտքերում, վերելակներում, սպասարկման տարբեր կետերում արգելվի: Ունեցել եմ ելույթներ, զեկույցներ,տվել եմ հարցեր թե նախարարություններին, թե ՊԵԿ-ին: Ակտիվ շփվել եմ ժողովրդի հետ ինչպես Լոռու մարզի համայնքների բնակիչների, այնպես էլ երևանաբնակների հետ: Լսել եմ մարդկանց բողոքները, բարձրաձայնել եմ դրանք և լուծումներ են ստացել»:
Տաթև Կոստանդյան

