Քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եւ առհասարակ Եվրոպայի դիրքորոշմանը Հայաստանում նախապատրաստվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։
«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
