Հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի հետևանքով էլեկտրաէներգիայի տատանումների արդյունքում խափանված սարքավորումների մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում քաղաքացիների կողմից բազմաթիվ դիմումներ են ստացվել։
Ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը ArmDaily.am-ին տեղեկացրեց, որ այս պահին ընկերության համապատասխան սարքավորումների վերանորոգում իրականացնող բաժինը ուսումնասիրում է շուրջ 250 դիմում, սակայն դիմումները անհամեմատ շատ են։
«Իրականում՝ թացը չորի հետ խառնվել է և ով ինչ խափանված սարք ուներ՝ դիմում է գրել՝ վերագրելով դա այդ օրվա տատանմանը։ Սակայն քանի որ չենք կարող պարզել, թե որը՝ երբ է խափանվել, հետևաբար, յուրաքանչյուր դիմում առանձին ուսումնասիրելու ենք»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ հիմնականում քաղաքացիները դիմել են կենցաղային սարքավորների խափանման համար՝ սառնարան, հեռուստացույց և այլն։ Սարջանյանը տեղեկացրեց, որ այս գործընթացը եզակի չէ։
«Մենք միշտ ունենում ենք նման գործընթացներ, եթե հաստատվում է, որ սարքավորումը խափանվել է էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով, ապա էլեկտրացանցը պարտավոր է վերականգնել սարքավորումը, կամ, եթե այն ենթակա չէ վերանորոգման՝ տրամադրել ֆինանսական փոխհատուցում։ Մենք ունենք գրանցամատյաններ, որտեղ մեզ մոտ արձանագրվում է շեղումը կամ վթարը։ Հանրապետության, որ սպասարկման կենտրոնում էլ քաղաքացին դիմում գրի՝ այն մտնում է փաստաթղթաշրջանառության համակարգ։ Նույն օրը մասնագետը նշում է, թե իր մոտ այդ օրը վթար գրանցվել է, թե ոչ։ Եթե վթարը հաստատվել է՝ դիմումը գնում է այն կազամկերպություն, որը զբաղվում է վերանորոգմամբ, եթե իրենք էլ հաստատում են, որ սարքավորումը շարքից դուրս է եկել հոսանքի պատճառով, ապա վերանորոգում են, եթե այն վերանորոգման ենթական չէ՝ փոխհատուցում են տրամադրում»,-ասաց նա՝ հավելելով, որ սա վերաբերում է միայն բնակիչ բաժանորդներին։
Հասարակական նշանակության կազմակերպություններին սա չի վերաբերում, քանի որ այդ կազմակերպությունները պարտավոր են ունենալ պաշտպանություն։
«Ցանկացած անհատ-ձեռներեց, կազմակերպություն օրենքով պարտավորվում է ունենալ պաշտպանություն, որի պարագայում հոսանքի տատանման հետևանքով սարքավորումների մոտ խնդիրներ չեն առաջանա։ Եթե պաշտպանություն չունեն՝ մենք պատասխանատվություն չենք կրում դրա համար»,-ասաց Սարջանյանը։
