Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց այսօր՝ հուլիսի 16-ին, բողոքի ակցիա են անում, բողոքում են ոռոգման ջրի խնդրից, պահանջում են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման համար ջուրը, որպեսզի ցանքատարածքություններն ու այգիները չչորանան։
«Արարատի մարզպետը հուլիս ամսին գնացել է հանգստի, չկա, պարգեւատրումները ստացել, գնացել է արտասահմաններ։ Գյուղացին ինչ գործ ունի հասնի Երեւան, ամբողջ օրը մարզպետարան, այստեղ, բան ու գործ չունե՞նք»,–նշում են ցուցարարները։
Ստվերում նստելու հորդորներին ի պատասխան արևի տակ նստած գյուղացիներն ասացին, որ իրենք սովոր են:
Բողոքողները հարցնում էին, թե որտե՞ղ է Փաշինյանը, արտերկրո՞ւմ է, գործուղմա՞ն է, ժամանակ չունի, կարող է մեկին ուղարկի, ասի՝ վաղը նոր պոմպ են դնելու.«Քայլ արա, ջուր տուր»,-կոչ են անում կառավարության ղեկավարին։
Ըստ քաղցրաշենցիների, ջուրը կա, նույնիսկ թափվում է Արաքս, բայց գյուղացիներին հասցնել չեն կարողանում.«Պետք է լինի 170 լիտր վարկյանում, լինում է խոսքի 70 լիտր։ Գնում են կեղտը Վեդիի կողմից են մաքրում, ասում ենք, էդ կեղտը Երևանի կողմից է գալիս, ինչի՞ եք էդ մասը մաքրում։ Էէէ, ֆսյո, չորցավ, պրծավ։ Ի՞նչ անենք, գնանք Պուտինին խնդրենք, որ մեզ աշխատանք տա՞, թե գնա՞նք ռուսների համար ծառ աճեցնենք»:
Բողոքող քաղաքացիներին մոտեցավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Ղուլյանը և ցուցարարներին ասաց, որ վճարումներ չեն անում, սակայն ցուցարարները պնդեցին, որ իրենք բոլոր վճարումներն արել են:
Ղուլյանը նշեց, որ նրանք միշտ էլ ջրով մատակարարվել են. մի պոմպը հիմնանորոգման մեջ է և 2020 թվականին երկրորդ պոմպի համար խողովակ կսարքեն 800 մետր, որպեսզի երկու պոմպերը զուգահեռ աշխատեն:
Ցուցարարները ջրային կմիտեի նախագահի տեղակալի հորդորին, որ եթե չարաշահումներ են եղել, պետք է հաղորդում տան, հակադարձեցին՝ իրենք «գործ տվող» չեն և եկել են իրենց խնդիրը լուծելու, ոչ թե կոռուպցիա բացահայտելու.«Մենք եկել ենք ջրի համար, մեր ծառերը չորանում են»,- ասացին նրանք:
Քաղաքացիներից մեկն ասած, որ ինքը, օրինակ, պայմանագիր ունի կնքած, մյուսն էլ հարցրեց՝ ինքը եթե չունի, ուրեմն ջուր չպե՞տք է տան: Երբ բացասական պատասխան ստացավ, հարցրեց. «Բա ինչի՞ են փող վերցնում ինձնից»:
Լրագրողի հարցին՝ որ բնակիչների մի մասն ունեն պայմանագիր, մնացածը՝ ոչ, վերջիններս ջուր չե՞ն արել, Հարություն Ղուլյանն ասաց. « Ես գիտեմ, որ եթե պայմանագիր չունեն, ուրեմն չեն կարող ջուր ստանալ»:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց. «Ամեն ջրի օրը փող եմ տալիս ջրպետին, ջուր է տալիս ինձ, ինքն իրավունք ունի՞ առանց պայմանագրի տա»:
Ղուլյանն էլ հավելեց, որ ուրախ կլինեն, եթե իրենց օգնեն բացահայտել այդ անօրինականությունները: Ցուցարարներն էլ հավելեցին, որ իրենց չեն առաջարկել ստորագրել պայմանագիր, այլապես բոլորն էլ պատրաստ են դա ստորագրել:
