Շատ հաճախ ենք մարդկանցից դժգոհություններ լսում, որ մամուլը կորցրել է իր դեմքը, որ նորմալ բան չեն գրում։ Շատերն են նշում, որ կարոտ են մնացել հետաքրքիր, ապաքաղաքական նյութերի, գիտահանրամատչելի վերլուծությունների և բարձր արվեստին առնչվող լուսաբանումների։ Նման քննարկումներ տեղի են ունենում նաև մամուլի աշխատակիցների միջև, լրատվամիջոցների պատասխանատուներն այս հարցերով զրուցում են գործընկերների հետ։
Համեմատում մի լրատվական կայքի աշխատանքը մյուսի հետ, վեր են հանում ամենադիտված նյութերը ու հենց այստեղ է, որ ավարտվում են բոլոր հարցերը կամ թողնվում են մի պատեհ պահի քննարկման։ Գրեթե բոլոր լրատվական կայքերի ամենաընթերցվածը հիմնականում քաղաքական անձնավորված նյութերն են, քրեական քրոնիկոնն է, սադիզմին բնորոշ դժբախտ պատահարները և ժամանցային նյութերը։ Գրեթե ոչինչ չի փոխվել այն ժամանակներից, երբ գտնվեց «հաց և տեսարաններ» հանճարեղ ձևակերպումը։ Մարդկանց ձգում են ուրիշի կյանքին վերաբերող բամբասանքները, սպանություններն ու աղետները։
Խմբագիրներից շատերը կհավաստեն, որ դրանցից դժգոհողներն, ովքեր ցանկանում են իրենց տեղեկատվական քաղցը հագեցնել բացմաաղբյուր վերլուծություններով, պատրաստ չեն «լավաշ» նյութեր կարդալ, շատերի համար դա պարզապես ձանձրալի զբաղմունք է։ Փորձի համար կայքում տեղադրում են օրինակ մի հիանալի վերլուծական նյութ՝ ասենք գլոբալ տաքացման վտանգների թեմայով։ Օրվա վերջում այդ նյութը շատ քիչ դիտում է ունենում։ Ընդ որում նախապես նյութը կարդալով և ընթերցանության ժամանակը հաշվարկելով՝ պարզ է դառնում, որ ամենաարագ ընթերցանության դեպքում այն 3 րոպե առնվազն պահանջում է։
Հետագայում տեսնում ենք, որ նյութը բացած մարդիկ մոտ 30 վայրկյան են այն ընթերցել, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն կարդացել ամբողջական նյութը, այլ դրվագներ են նայել, կամ պարզապես բացել-փակել են։ Այսօր մի հետաքրքիր վիճակագրության հանդիպեցինք համացանցում, թե տեխնիկական լայն սպառման ծառայություններին քանի տարի է պահանջվել 50 մլն այցելու ունենալու համար։ Ավիացիայի ծառայություններից դրա համար պահանջվել է 68 տարի, 62 տարի մեքենա ունեցողների համար է պահանջվել, կես դար՝ հեռախոսից օգտվողների համար, անգամ Ֆեյսբուքը 50 մլն այցելու գրացել է 3 տարվա ընթացքում։ Բացարձակ ռեկորդակիր է այս հարցում 18 պլյուս կայքը, որն այդքան հետևորդ է հավաքել ընդամենը 19 րոպեի ընթացքում։ Բարձրարժեք ու վեհ գաղափարներից խոսել միշտ էլ կարելի է, սակայն դրանք իրականացնելն այսօր գրեթե անհաղթահարելի է, եթե մտածածը չդառնա մոդայիկ, ուրեմն ամեն ինչ կորած է։
Լրատվական դաշտում աշխատողներն իհարկե ունեն նաև դաստիարակչական ֆունկցիա, սական այն շատ երկրորդական է դառնում և զիջում օպերատիվությանը, ինչը դիտումներ է բերում։ Այստեղ միայն մի հարց է մնում, երբ ասում են ընկել են էժան լայքերի հետևից։ Էժան լայքերը պարզապես վիրավորական են հնչում, դա նույնն է, ինչ մարդկանց սև ու սպիտակի բաժանելը, իսկ ով սահմանեց, որ ինչ-որ մեկի լայքն ու մեկնաբանությունը ստորադաս է մյուսինին, որտեղ է այդ սահմանը։ Լրատվական դաշտում միակ խտրականությունը օպերատիվությունն է, որը զիջել, զիջում ու զիջելու է օբյեկտիվությանը, իսկ «լավաշները» հետաքրքիր դարձնելն էլ շնորհքի ու ժամանակի հարց է, ինչը սարերի ետևում չէ։
