Օրերս Վայրի բնության պահպանության հիմնադրամը տեղեկացրեց, որ Խոսրովի անտառը երկու տարի առաջ տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո վերականգնվում է։
ArmDaily.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ ի տարբերություն Սևանի, որի կանխատեսումները, որոնք մենք անում էինք, շատ ավելի արագ եղան, Խոսրովի անտառի դեպքում ունեցանք հակառակ պատկերը։
«Վերականգնումը բավականին առաջընթաց ապրեց։ Ճիշտն ասած, նախարարությունը և մասնագետներն ասում էին, որ արագ կվերականգնվի, բայց սպասելիքները քիչ էին։ Ըստ տվյալների, այնտեղ բուսականությունը մեծ թափով վերականգնվում է և դա շղթայական ռեակցիա է»,-նշեց նա։
Բնապահպանի խոսքով, եթե ապրելավայրերը վերականգնվում են, ապա կենդանիները, որոնք հրդեհի ժամանակ հեռացել են, իրենք անպայման կվերադառնան այդ տարածք.մեկը մյուսի հետ կապված է։
«Սա նորմա է, այսպես պետք է լինի։ Մեր սպասելիքները շատ ավելի քիչ էին, քան մենք ունեցանք։ Սակայն այստեղ մի խնդիր կա. Չնայած նրան, որ վերականգնվում է բուսականությունը և որսորդության մասին օրենքներ ունենք, միևնույն է մենք մտավախություն ունենք, որ այդտեղ հսկողությունը պետք է խստացվի։ Պետք է այնպես անել, որ այդտեղ որսագողության դեպքեր չլինեն, որոշակի բույսեր չհավաքեն։ Պետք է ուշի ուշով հետևել իրավիճակին։ Պետք է նաև ուշադիր լինել, որ օգոստոսին նորից այդպիսի դեպք չունենանք, հակառակ դեպքում խնդիրներն ավելի կբարդանան և վերականգնման պրոցեսները ետ կգնան»,-հավելեց Ադամյանը։
Դուսյա Ղազարյան

